Բաժիններ՝

«Ըստ էության, ոլորտը չենք կարգավորում, թողնում ենք բարձիթողի վիճակում». «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ ընդունված օրինագծի մասին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ասելով.

«Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ Կառավարությունը օրենքի նոր նախագիծ է մտցրել, որն առաջարկում է  Ճանապարհային ոստիկանության կողմից ընդունված ակտերը բողոքարկելու համար քաղաքացիների համար տուրք սահմանել, հետևաբար՝ սա խնդրահարույց է: Սրան գումարած՝ «Լուսավոր Հայաստանը» յոթ առաջարկ էր ներկայացրել, որոնցով առաջարկում էինք մեղմել այն իրավախախտումների համար պատիժներն ու բալերի կիրառումը, որոնք անմիջականորեն կյանքին վնաս չեն սպառնում: Դա կարմիր լույսի ներքո կամ արագությունը գերազանցելով վարելը չէր: Այն իրավախախտումներն էին, որոնք որևէ կերպ չեն կարող կյանքի և մահացության թվերի վրա ազդել: Սակայն այս ամենը մերժվել է Կառավարության կողմից, և գրեթե գաղտագողի մի նոր դրույթ է ավելացվել, որով առաջարկվում է գործող իրավակարգավորումները փոխել, և արդեն պարտադիր է դարձնում քաղաքացիների կողմից վիճարկելու համար գումարի վճարումը: Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստանը» կողմ չի քվեարկի նախագծին»:

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց՝ նշելով. «Այնպես հասկացվեց, որ վիճարկելու համար նախատեսվում է պետական տուրք, սակայն ասեմ, որ նման բան չկա: Խոսքը դատական կարգով պետական տուրքի մասին է»:

Նախագծին կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 3։

«Մի շարք առաջարկներ արել էինք, որոնք չեն ներառվել նախագծում, բայց պետական տուրքի մասին մի օրենք ընդունեցին՝ հետը գնաց: Դատարան դիմելու համար ֆիզիկական անձանց նկատմամբ պետական տուրք սահմանեցին: Դա շատ վատ է, այդ դրույթը չի քննարկվել  Ազգային ժողովում, առանձին, հանձնաժողովի նիստի ժամանակ են քննարկել, բայց վերջին պահին ներառեցին՝ գնաց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանը:

Նրա խոսքով՝ եթե մենք անվտանգության մասին ենք մտածում, ոչ թե խստացնող պատիժներ ենք սահմանում, կարելի է տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված ոչ բոլոր իրավախախտումների դեպքում բալեր կիրառել:

«Այսինքն, այդ բալերը կիրառվեն միայն ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվելու դեպքում: Ըստ էության, ոլորտը չենք կարգավորում, թողնում ենք բարձիթողի վիճակում ու տեսանկարահանող սարքերի միջոցով փորձում ենք պատիժներ կիրառել: Ճանապարհային ոստիկանությունը պետք է հսկողություն իրականացնի: Այստեղ կադրային քաղաքականությունը պետք է փոխվի, վարձրատրության չափը՝ նույնպես, որ մարդիկ աշխատեն: Թող ՃՈ-ն ասի, թե 2018 կամ 2019թ. արձանագրված իրավախախտումների քանի՞ տոկոսը չեն հավաքագրել: Հիմա մի շարք քաղաքացիներ ենք ունենալու  առանց վարորդական վկայականի կամ դրանից զրկված, որովհետև բողոքարկման հնարավորությունը գրեթե սահմանափակեցին, ոչ բոլոր քաղաքացիները կարող են իրենց կարծիքը վերադաս մարմնում հստակ հայտնել, դատարան էլ չեն կարող դիմել, քանի որ ոչ ոք չի վճարի 5000 դրամ ակտի համար պետական տուրք»,- նշեց Տիգրան Քեյանը:

Հավելենք, որ համաձայն օրենքի՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելն առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստի՝ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման օրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս