
Փարիզի տարածաշրջանը ռեկորդային խցանումների կապանքներում է գործադուլի և անձրևի պատճառով

Փարիզի տարածաշրջանում դեկտեմբերի 9-ին ավտոմոբիլային խցանումները հասել են 2019 թվականի համար ռեկորդային ցուցանիշների, ինչի մասին հայտնել են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները։
Այս պահին խցանումների ընդհանուր երկարությունը կազմում է 631 կիլոմետր: Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջանում նախորդ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել էր հոկտեմբերի սկզբին: Ճանապարհներին բարդ իրավիճակ է առաջացել, մասնավորապես, այն պատճառով, որ Ֆրանսիայում շարունակվում է տրանսպորտային համակարգի աշխատակիցների գործադուլը, ինչի հետեւանքով տեղի շատ բնակիչներ ստիպված են եղել հասարակականի փոխարեն օգտվել սեփական տրանսպորտից: Իրավիճակը վատթարանում է նաեւ մայրաքաղաքի տարածաշրջանում սկսված հորդ անձրեւի պատճառով:
Ճանապարհների մեծ բեռնվածություն է դիտվում նաեւ Ֆրանսիայի մյուս խոշոր քաղաքների, մասնավորապես, Մարսելի, Լիլի եւ Թուլուզի մերձակայքում: Արհմիությունների՝ անցյալ շաբաթվանից շարունակվող գործադուլի պատճառով դեկտեմբերի 9-ին Փարիզում հասարակական տրանսպորտի երթեւեկությունն իրականացվում է զգալի ընդհատումներով: Առանձնապես բարդ իրավիճակ է ստեղծվել մետրոյում եւ արվարձանային գնացքներում, որտեղ փակ են ինը գծեր: Եվս հինգ գծում գնացքները կերթեւեկեն սոսկ ժամանակի որոշակի միջակայքերում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: