Բաժիններ՝

Սուրբծննդյան տոնավաճառը միայն վաճառքի վայր չէ. տնակների աճուրդը՝ դեկտեմբերի 13-ին

Երևանի 2750-ամյակի այգում իր հյուրընկալ դռները կբացի սուրբծննդյան տոնավաճառը՝ «Christmas market»-ը:

Թե ինչու՞ ոչ Հյուսիսային պողոտայում և ոչ մասնավորի հետ՝ քաղաքապետարանը պարզաբանում է. նախկինում կրպակները տնտեսվարողներին տրամադրվել են առանց մրցույթի և առանց համայնքի նկատմամբ որևէ պարտավորության: Նախկին կազմակերպիչները նոր պայմաններով համայնքի հետ համագործակցել չեն ցանկացել: Այս տարի առաջին անգամ տնակ-կրպակները վարձակալությամբ կտրամադրվեն աճուրդով:

«Ձևաչափի փոփոխությունը մեզ համար կարևոր սկզբունք էր, քանի որ տոնավաճառը չէր կարող լինել միայն վաճառքի վայր: Այն պետք է մաս կազմեր մեր ընդհանուր միջոցառումների և ունենար մշակութային բաղադրիչ: Գրեթե ամեն օր այս տարածքում կլինի հետաքրքիր երաժշտություն, հայկական խոհանոցի համտեսի հնարավորություն: Կարծում եմ, քաղաքապետարանի այս ձևաչափով տոնավաճառի կազմակերպումը նաև խրախուսելի է, որովհետև պահպանվում է հավասարության սկզբունքը: Աճուրդին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Իսկ Հյուսիսային պողոտայում կլինի եղևնիների ցուցադրություն»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

2750-ամյա այգում՝ շատրվանների երկու ուղղությամբ ձգվող ճեմուղիներում, կտեղակայվեն տոնավաճառի 40 տնակ-կրպակները:

«Հիմքերը մետաղական են, պատրաստված են փայտից: Մշակված են այնպես, որ դիմանան եղանակային պայմաններին: Երկու տեսակի տնակներ ունենք՝ 3 և 4 մետր բարձրությամբ: Ոճով գրեթե նույնն են, բայց արտաքնապես կտարբերվեն: Տնակները 5 և 6 քմ տարածքով են: Ներսում կլինեն սեղաններ, դարակաշար: Տնակները կապահովվեն նաև էլեկտրականությամբ: Գործն արվում է սիրով, որովհետև քաղաքի համար է, ու վայելելու ենք բոլորս»,- նշում է տնակների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Բագրատ Դիվանյանը:

Տնակները դեռևս պետք է գունային վերջնական լուծում ստանան, զարդարվեն և ձևավորվեն գիշերային լուսավորությամբ: Երևանցիներին ու քաղաքի հյուրերին տոնավաճառի հատվածում այլ անակնկալներ էլ են սպասում:«Տոնավաճառի հատվածում, բացի տնակներից, կլինեն նաև ձևավորումներ, որոնք նոր շունչ են հաղորդելու տարածքին: Շատրվաններից մեկն օգտագործելու ենք որպես մի վայր, որտեղ մարդիկ կարող են նստել և հաճելի ժամանակ անցկացնել», – նշում է «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության համահիմնադիր Ռուդիկ Տեր-Գալստյանը:

Տնակ-կրպակներից 35-ը դրված է աճուրդի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.azdarar.am և www.yerevan.am կայքերում:

«Աճուրդի ընթացակարգը հետևյալն է. քաղաքացիները պետք է հայտարարության մեջ նշված հաշվեհամարներին բանկի կամ edram համակարգով կատարեն համապատասխան վճարումներ. մասնակցության վճար ՝ 10.000 ՀՀ դրամ և նախավճար՝ մեկնարկային արժեքի 5 տոկոսի չափով (փոքր կրպակների՝ 10.000 և մեծերի համար՝ 12.500 ՀՀ դրամ)»,-նշում է Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի, գույքի, հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղար Սյուզաննա Սերոբյանը:

Աճուրդում կհաղթեն այն քաղաքացիները կամ ընկերությունները, որոնք վարձակալության համար կառաջարկեն առավելագույն արժեքը: Տոնավաճառը կանցկացվի դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը: Կվաճառվեն Ամանորի և սուրբծննդյան թեմայով հուշանվերներ, քաղցրեղեն, ըմպելիք: Աճուրդին մնացել են հաշված օրեր. մասնակցել ցանկացողները պետք է շտապեն:

«Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 13-ն է՝ ժամը 15:00-ն: Աճուրդը տեղի է ունենալու նույն օրը՝ ժամը 17:00-ին: Հայտերը կարող են ներկայացվել մինչև երկու ժամ առաջ: Վճարումները ևս պետք է առնվազն 2 ժամ առաջ կատարել: Այն անձինք, ովքեր չեն հաղթի, նախավճարը ետ կստանան»,-նշում է Սյուզաննա Սերոբյանը:
Աճուրդի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 – 173 հեռախոսահամարով:
Կրպակներից 5-ն անվճար կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին, որոնց ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված ծրագրերի հանրային կարևորության: Կարևոր է նաև նշել, որ կրպակներն ու մյուս զարդարանքները կդառնան համայնքի սեփականությունը:

Հանրապետության հրապարակի «Հեքիաթային քաղաքի» դռները կբացվեն դեկտեմբերի 21-ին, երբ քաղաքը կողողվի տոնական լուսավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս