Իրանի կառավարությունը ժխտել է բողոքների ընթացքում հազար զոհվածի մասին ԱՄՆ-ի տվյալները
Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքների ընթացքում ավելի քան հազար զոհվածի վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին։
«Այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը»,- նրա խոսքը մեջբերել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան: Ռաբիին հավելել է, որ «ԱՄՆ-ի տեղեկատվությունը հաստատող ապացույցներ չկան»: Դեկտեմբերի 5-ին Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել էր, որ Թեհրանը պատասխանատվություն է կրում բողոքի ակցիաների մոտավորապես հազար մասնակիցների սպանության համար, որոնք տեղի են ունենում իսլամական հանրապետությունում: Նույն օրը Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանում բողոքների ալիքի անմեղ զոհերը պետք է համարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ է փոխհատուցումներ վճարել: Սա է եղել նրա պատասխանը բողոքների վերաբերյալ զեկույցին, որը պատրաստել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի դրույթները նա կարգադրել է «կատարել այնքան արագ, որքան հնարավոր է»: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք է ազատ արձակվեն: «Հարկավոր է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, եւ այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ եւ զինված չէին, «…» պետք է ազատ արձակվեն»,-ասել է նա:
Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում է վառելիքի արժեքի եռակի աճ: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: