
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 11-ին

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության վերջնական փուլին ընդառաջ՝ դեկտեմբերի 8-ին հայ համայնքի ներկայացուցիչները հայկական եկեղեցիներում քվեարկել են՝ ընտրելու աշխարհական պատվիրակների:
Պատրիարքի ընտրության համար պայքարում են երկու թեկնածուներ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Համաձայն դեկտեմբերի 8-ի քվեարկության վերջնական արդյունքների՝ քվեարկության ընթացքում ձայների մեծամասնությունը ստացել են Մաշալյանին ներկայացնող պատվիրակները՝ 9008 քվե, իսկ Աթեշյանի պատվիրակները ստացել են միայն 3529-ը:
Այդպիսով, դեկտեմբերի 11-ին կայանալիք Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը Մաշալյանն ունենալու է 89 աշխարհիկ պատվիրակ, իսկ Աթեշյանը՝ 12: Այս պատվիրակներին ընտրության օրը կմիանան նախապես ընտրված 17 հոգևոր պատվիրակներ:
Քվեարկության ավարտից հետո Մաշալյանը Գեդիքփաշայի հայկական եկեղեցում հանդիպել է իր կողմնակիցների հետ և շնորհակալություն է հայտնել իր հանդեպ ցուցաբերված աջակցության համար: