«Զենքի գնումների մասին շատ պայմանագրեր կնքվել են շատ ավելի վաղուց». Կարեն Վրթանեսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորված հայտարարություն է անում, որ մենք զենքի աննախադեպ գնումներ ենք կատարել վերջին 1.5 տարում, ինչն իրականում այդպես չէ, ադրբեջանական կողմը դա կարող է օգտագործել մեր դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Շատ լավ է, որ մենք շարունակում ենք մեր բանակը թարմացնել, նորացնել սպառազինությունը, բայց պետք չէ ամպագոռգոռ հայտարարություններ անել, քանի որ Ադրբեջանը կարող է ասել՝ Հայաստանն աննախադեպ զենքի գնումներ է անում և պատրաստվում է մեր վրա հարձակվել»,- նշեց նա:
Ըստ փորձագետի՝ հայտարարություն է արվում սպառազինության աննախադեպ գնումների մասին, երբ գնումների իրական ծավալը պարզ պատճառով չի գաղտնազերծվելու, եթե արվեր՝ առավել մեծ հիմարություն կլիներ:
«Եթե գնումների ծավալը չի գաղտնազերծվում, բնականաբար, պետք չեն նաև այդ հայտարարությունները: Ոչ մեկը չի ասում, թե զենքի գնումներ չեն արվում, բայց շատ պայմանագրեր կնքվել են դեռ նախկինում, շատ ավելի վաղուց: Չի լինում այնպես, որ սպառազինության պայմանագրերը մեկ օրում ստորագրես, իսկ հաջորդ օրը զենքը ստանաս»,- ընդծեց Վրթանեսյանը: