Շահագրգռված ենք ջանքեր գործադրել Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին: Տիգրան Ավինյանը, հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, կարևորեց Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում երկու երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:
«Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն։ Դրանք դիտարկվում են որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով, հատկապես, եթե դիտարկում ենք ներդրումների ներգրավման և բիզնես-միջավայրի բարելավման ուղղությունը: Այս համատեքստում անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն։
Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու: Կուզենայի նշել, որ մեր երկու կառավարությունների՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերն անցնում են պատմական ընդհանուր ժառանգության, գրեթե նույն մարտահրավերների, ինչպես նաև համընդհանուր գլոբալ միտումների ճանապարհներով։ Հետևաբար, կարծում եմ, որ հայ-վրացական ոլորտային համագործակցությունն ու շփումները երկուստեք հաջողելու լավ բանաձևեր են։
Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռնում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել մյուս ոլորտների համար ևս»,- ընդգծեց Ավինյանը:
ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է:
«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Այս համատեքստում մեծապես արժևորում եմ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կընձեռի ապահովել օրենքի գերակայությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Համոզված եմ, որ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար տիկին Ծուլուկիանիի այցի ընթացքում կուրվագծվեն համագործակցության նոր ուղղություններ՝ ի շահ և ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»,- եզրափակեց Ավինյանը: