Ամբողջությամբ ընդունվեց նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց օդի տուրքից ազատելու նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
«Այս օրենքով առաջարկում ենք օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձանց, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում կմեկնեն նոր ուղղությամբ թռիչքներով, այդ մարդկանց մենք կազատենք օդի տուրքից: Ինչ է նշանակում նոր ուղղություն. IATA կոդով օդանավակայանները դասակարգվում են, և, եթե այդ օդանավակայաններ մինչ այդ մեր օդանավակայանից թռիչքներ չեն եղել, և դա կդասակարգվի, որպես նոր ուղղություն, ապա կընկնի այս արտոնության տակ:
Այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր պետք է իրականացնեն ամառային և ձմեռային ժամանակաշրջանում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:
Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների եւ չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նախարարի տեղակալը հավելել էր, թե արտոնությունը կնպաստի, որ Հայաստանի օդային շուկան լրացվի նոր ավիաընկերություններով ու թռիչքային ուղղություններով, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի ձևով կապել այլ երկրների հետ:
Նախագծի զեկուցողն առաջարկել էր հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով, որովհետև նախատեսվող կարգավորումներով չվերթներ իրականացնելու ցանկություն են հայտնել մի շարք ավիաընկերություններ, որոնք չվերթներ են իրականացնելու դեպի Կալուգա, Բեռլին, Հռոմ և եվրոպական այլ քաղաքներ: