Պոլ Գոգենի կտավն 9,5 մլն եվրոյով վաճառել են Փարիզի աճուրդում
Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի (1848 – 1903) «Հաստաբուն ծառը» (Te Bourao II) նկարն 9,5 միլիոն եվրոյով վաճառվել է Փարիզի աճուրդում: Այդ մասին ասված է Artcurial աճուրդային տան՝ դեկտեմբերի 4-ին Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Երեքշաբթի երեկոյան Պոլ Գոգենի թաիթյան շրջանի գլուխգործոց «Հաստաբուն ծառը», որն ստեղծվել է 1897 թվականին, 9,5 միլիոն եվրոյով վաճառվել է աճուրդով»,- նշված է հայտարարության մեջ: 73 x 92 չափի կտավը գնել է միջազգային հավաքորդներից մեկը, որի անունը չեն հայտնում: Գնորդի խոսքով՝ «նկարը կմնա Ֆրանսիայում»:
Կտավը, ինչպես մամուլի տեղեկագրում հիշեցնում է աճուրդների տունը, Գոգենը նկարել է Թաիթիում իր գտնվելու ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: