ԿԲ-ն գրեթե 2,5 անգամ ավելի շատ տարադրամ է գնել, քան ավելացրել է արտաքին պահուստները
Դեռ տարեսկզբից Կենտրոնական բանկն արժութային շուկայից ակտիվորեն տարադրամ է գնում։ Այս ընթացքում այն հասցրել է ձեռք բերել մի քանի հարյուր միլիոն դոլար։ Ու չնայած դրան, ԿԲ միջազգային պահուստներն անհամեմատ ավելի քիչ են համալրվել, քան գնված տարադրամն է։ Թեև դա չի խանգարել, որ պահուստները հատեն երբևէ արձանագրված ամենաբարձր մակարդակը։
Դեռ մի քանի ամիս առաջ անդրադառնալով Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստներին` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դրանք 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր մակարդակի չեն եղել: «2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով գրեթե 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել։ Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակի նոր թողարկումը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել»,- այս մասին իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Իրականությունը, իհարկե, այդպես չէր, և Կենտրոնական բանկի արտաքին պահուստներն ավելի բարձր էին ոչ միայն՝ 2013թ., այլև՝ իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Դրանք բավական շոշափելի նվազել էին հատկապես իշխանափոխությունից անմիջապես հետո։
Ֆինանսական կայունությունը երկրում պահպանելու համար ընդամենը 2-3 ամսում ԿԲ-ն վաճառեց շուրջ 240 մլն դոլար։ Եվս 265 մլն դոլարով արտաքին պահուստները նվազեցին այս տարվա հունվարի ընթացքում։
Հիմա դրանք ամբողջությամբ վերականգնվել են, մի բան էլ գերազանցել են նախկին մակարդակը։ Եվ դա չէր կարող վրիպել վարչապետի աչքից։
«Մեկ տարում Հայաստանի արտաքին պահուստներն աճել են 386 միլիոն դոլարով և հիմա գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա։ Միջազգային պուհուստները ֆինանսական և մակրոտնտեսական կարևոր գործոններ են։ Նաև այսպիսի իրավիճակի շնորհիվ է Հայաստանի տնտեսական վարկանիշը շարունակաբար աճում»,- օրերս իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում կատարեց Նիկոլ Փաշինյանը։
Իրականում այդպես է, և այս անգամ վարչապետի գրառումը համապատասխանում է այն իրողություններին, որոնք կան՝ արտաքին պահուստների հետ կապված։ Դրանք գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում։ Այլ հարց է, որ դրանում արտառոց ոչինչ չկա։ Այդպես էլ պիտի լիներ։ Բնական է, որ ինչ-որ պահի արտաքին պահուստները միշտ էլ գտնվում են պատմականորեն ամենաբարձր կետում։ Նման պատմական մակարդակներ ո՛չ առաջին, և ո՛չ էլ վերջին անգամ են լինում։
Պաշտոնական տվյալներով՝ Կենտրոնական բանկի միջազգային պահուստները հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել են 2 մլրդ 468 մլն դոլար։ Այն 170 մլն դոլարով ավելացել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Դա պայմանավորվել է միայն ներքին միջավայրում առկա տարադրամային ավելացուկի առքո՞վ, թե՞ ուղղակի ազդեցություն են ունեցել նաև արտաքին գործոնները, դժվար է ասել։ Ամեն դեպքում, հայտնի է, որ սեպտեմբերին կառավարությունն իրականացրեց արտարժութային պարտատոմսերի հերթական թողարկումը և ներգրավեց 500 մլն դոլար` նախկին թողարկման պարտավորությունները մարելու համար։
Հայաստանի արտաքին պահուստներն այսօր շատ ավելին կարող էին լինել, եթե իշխանափոխությանը հաջորդած շրջանում դրանք այդքան չկրճատվեին։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չանդրադարձավ այդ խնդրին։ Մինչդեռ, եթե 2017թ. վերջին կամ իշխանափոխությունից ոչ շատ առաջ Կենտրոնական բանկի տարադրամային պահուստները կազմում էին 2 մլրդ 314 մլն դոլար, ապա այս տարվա հունվարին կամ իշխանափոխությունից ընդամենը 9 ամիս հետո դրանք 1 մլրդ 994 մլն դոլարի սահմաններում էին։ Այսինքն` նվազել էին 320 մլն դոլարով։
Հիմա լավ հնարավորություն է արտաքին պահուստներն ավելացնելու համար։ Ներքին շուկայում մեծ հոսքեր կան, և դա թույլ է տալիս Կենտրոնական բանկին տարադրամ գնել:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521,8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը: 521,8 միլիոն դոլարն աննախադեպ ցուցանիշ և իրավիճակ է Հայաստանի պատմության համար»:
Սա հերթական գրառումն էր, որը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ֆեյսբուքյան էջում։ Ու դրանից պարզ է դառնում, որ Կենտրոնական բանկն այս տարի գնել է 521,8 մլրդ դոլարի տարադրամ։ Չնայած դրան, արտաքին պահուստներն անհամեմատ քիչ են համալրվել. 2018թ. դեկտեմբերի 31-ին դրանք կազմում էին 2 մլրդ 259 մլն դոլար, այս տարվա հոկտեմբերի 31-ին հասել են 2 մլրդ 468 մլն դոլարի։ Այսինքն` տարվա ընթացքում արտաքին պահուստներն ավելացել են 209 մլն դոլարով, ինչն ամենևին էլ արտառոց բարձր ցուցանիշ չէ։
Ամեն դեպքում դա նշանակում է, որ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնել է 521,8 մլն դոլար, բայց երկրի արտաքին պահուստներն ավելացել են 209 մլն դոլարով։ Այսինքն` գրեթե 2,5 անգամ քիչ։
Իսկ ո՞ւր են գնացել մյուս գումարները։ Ենթադրվում է, որ դրանք ուղղվել են երկրի տարադրամային պահանջարկի բավարարմանը, այդ թվում` վարկային պարտավորությունների սպասարկմանը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ