Չիպոլինոն ու գնաճի բացակայությունը

Գնաճի մասին ամենամսյա հրապարակումների նկատմամբ հետաքրքրությունը զրոյական է: Ո՛չ փորձագետներն են դրան հետևում, ո՛չ հասարակությունը: Այս տարվա հունվար-նոյեմբերի գների մասին հաշվետվությունն արձանագրում է. «ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.0 տոկոս»: Բնականաբար, 1 տոկոսանոց գնաճն ընկալվում է՝ որպես տնտեսական նինջ:

Կամ` անդորր, դադար ու նման մի բան: Ըստ սպառողի ու փորձագետի ճաշակի: Այս տարվա հունվար-նոյեմբերի գնաճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ պաշտոնապես հայտարարվել է 1.5 տոկոս: Ընդ որում՝ սպառողական շուկայում գնաճը հաշվարկվում է 12 անուն ապրանքախմբերով: Դրանց ուղիղ կեսը գնաճ արձանագրել են 1 տոկոսից ավելի ցուցանիշով: Ամենաբարձրն ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ ապրանքախումբն է` 4.3 տոկոս: Հետո հագուստ ու կոշիկը՝ ուղիղ 4 տոկոս: Ապա՝ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն են` 2.1 տոկոսանոց ցուցանիշով: Առողջապահության ոլորտում գնաճը 2 տոկոս է: Ճիշտ այնքան, որքան կրթության ոլորտում: Իսկ ռեստորանների ու հյուրանոցների գնաճի մասնաբաժինը 1.9 տոկոս է: Չորս ոլորտ-ապրանքախմբերում գնաճի ցուցանիշը 1 տոկոսից ցածր է:

Իսկ «մշակույթ և հանգիստ» կոչված ոլորտ-ապրանքախմբում (որտեղ համախմբված են վիճակախաղեր ու խաղադրույքներ կազմակերպողները) նույնիսկ գնանկում կա: Այս ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած՝ գնանկումը 2 տոկոս է: Իսկ կապի ոլորտն ավելի ցածր գնանկման ցուցանիշով է բավարարվել` 0.4 տոկոս: Ահա գնաճի այսաստիճան «հյուծված» ֆոնին՝ իշխանություններն ու վիճակագիրները մասնագիտական սխրանքների գնով հաջողում են 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն արձանագրել: Այն դեպքում, երբ հակառակ պատկեր է ձևավորվում, որը տնտեսական անդորր անվանելն ավելի բնութագրական է:

Աշնան ավարտի հետ միրգ-բանջարեղենի գնաճն անգամ չշտկեց իրավիճակը: Որովհետև այն իր բնույթով սեզոնային է: Հետևաբար՝ մշտապես կրկնվող: Այս տարվա նոյեմբերի գնաճը համարյա նույնն է, ինչ նախորդ տարվանը (ու տարիներինը): Իսկ առանձին ապրանքատեսակների գծով պաշտոնական հաշվետվությունը գնանկում է արձանագրում: Օրինակ, մսամթերքի ապրանքախմբում 2019թ. նոյեմբերին՝ 2018թ. նոյեմբերի համեմատ, գրանցվել է 2.7% գնանկում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գնաճի ցուցանիշով մեր տնտեսությունը համեմատելի ու համադրելի է միայն զարգացած երկրների հետ: Իհարկե, այս ամենը կարելի է համարել իշխանությունների վարած հմուտ տնտեսական քաղաքականության արդյունք: Համարել ու ասել, որ գնաճի բացակայությունը ոչ թե տնտեսական կյանքում առաջընթացի ու բնակչության եկամուտների դանդաղ աճի հետևանք է, այլ այդ հմուտ քաղաքականության հետևանք: Դրանք չբացատրել համաշխարհային շուկայի գործընթացներով:

Օրինակ, այս փաստը` «2019թ. նոյեմբերին 2018թ. նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 10.2% և 9.3%-ով, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ 7.5% և 7.1%-ով»:

Ամենատարօրինակն այն է, որ մակրոտնտեսական ցուցանիշներում ՀՆԱ-ի կառուցվածքում մանրածախ ու մեծածախ առևտրի տեսակարար կշիռը չի փոխվում: Չի փոխվում՝ ի հեճուկս գնաճի բացակայության: Դեկտեմբերյան նախատոնական առևտրի ծավալների աճը բավական կհեշտացնի վիճակագիրների խնդիրն այս պարագային: Իսկ մենք մինչ այդ պարզապես նշենք, որ պաշտոնական վիճակագրությունը 26 անուն միրգ-բանջարեղենի գներ է հաշվառում ու հրապարակում: Այդ ցուցակից նկատելի է, որ նախորդ տարվա համեմատ միրգը բանջարեղենից պակաս գնաճ է արձանագրել, ինչը, հնարավոր է՝ չի հակասում մեր տնտեսական կյանքում ընթացող պրոցեսներին, փոխարենը՝ հակասում է Չիպոլինոյի մասին մեր մանկական հեքիաթին:
Ամենամեծ` 54.2 տոկոսանոց գնաճ արձանագրել է ծաղկակաղամբը, ապա գազարը՝ 40.9, և Չիպոլինոն` գլուխ սոխը՝ 26,3: Վերջում անդրադառնանք վերջին տարիներին ամենաշատ շահարկված թեմային` բանանի գնին:

Անհավանական է, բայց բանանն անցած տարվա նոյեբերի համեմատ՝ 19.4 տոկոսանոց գնաճ է արձանագրել: Չե՞ք հավատում, ինքներդ ծանոթացեք գնաճի պաշտոնական հաշվետվությանը:

Տեսանյութեր

Լրահոս