«Մենք պարտիզանական խմբեր ստեղծում ենք միայն սահմանից այն կողմ մեր թշնամիների դեմ». ՀՅԴ ՀԵՄ անդամ
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում պնդում է՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամների նամակում միակ բանը, որն իրականությանը համապատասախանում է, այն է, որ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցության ժողով:
Օրեր առաջ ՆԱՈւՄ անդամներն իրենց կուսակցական ընկերներին նամակ էին գրել, որը, իրենց խոսքով, չգիտեն, թե ինչպես՝ հանրայնացվել է: Նամակում մասնավորապես ասվում է, որ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է «պարտիզանական հարվածներ» հասցնել ներկա իշխանություններին։ Նամակի հեղինակների վկայությամբ՝ ժողովին մասնակցել է նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «պարտիզանական հարվածների» գաղափարն էլ նրանն է եղել:
ՀՅԴ ՀԵՄ անդամը պնդում է նաև. «Մեր միությանը որ հետևեն, կտեսնեն, մենք պարտիզանական խմբեր ստեղծում ենք միայն սահմանից այն կողմ մեր թշնամիների դեմ, դա մեր պատմությունն է փաստում, մեր գործունեությունն ի նպաստ մեր պետականության և հայ ժողովրդի է: Մարդիկ ազգային ժողովի ամբիոնից ելույթներ են ունենում, որոնք ամոթ են ուղղակի, կախվել են «պարտիզանական հարվածներ» բառից, ես չեմ հիշում՝ ժողովին այդ բառն օգտագործվե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ կոնտեքստում է օգտագործվել:
Խոսում են երևույթներից, որոնք չեն համապատասխանում իրականությանը, տալիս են անուններ, որ այսինչ անձն է ղեկավարում կառույցը, ինչ-որ բաների հետևում է կանգնած, որը բացարձակ սուտ է, սա անձի կուսակցություն չէ, չի կարող անձը որոշում կայացնել, առավել ևս, որ այդ անձը կառույցներում չկա, Բյուրոյում չէ, ԳՄ-ում չէ: Փորձեցին սրանով հարված հասցնել ՀՅԴ-ին, բայց չի ստացվի, որովհետև այդ մարդիկ այս կազմակերպությանը լավ չեն ճանաչում»:
Երեկ ՀՅԴ գերագույն մարմնի որոշմամբ՝ ՆԱՈւՄ-ի 3 անդամներ արտաքսվել են Դաշնակցության շարքերից: Նրանց անդամակցությունը, մինչև նամակի հրապարակումը, կասեցված է եղել ԳՄ մի շարք որոշումներին հակառակվելու համար: Գոռ Սարգսյանին այս հարցի հրապարակային դառնալը զարմացնում է, ասում է՝ նորմալ գործընթաց է, ոմանք գալիս են կուսակցություն, ոմանք՝ գնում, 2 շաբաթ առաջ էլ մի քանի երիտասարդ երդում են տվել ու միացել ՀՅԴ-ին: ՀԵՄ անդամը նաև պնդում է, որ սուտ է եղել ՆԱՈւՄ անդամների այն պնդումը, թե իրենց չեն լսել:
«Կար մարմին, ուր կարող էին գնալ, «Դատական մարմին» է կոչվում, մեկուսացվածներն այնտեղ կարող են արդարանալ, ներկայացնել իրենց տեսակետը, պաշտպանվել: «Դատական մարմինը» միայն նրանց լսելուց հետո կարող էր որոշում կայացնել, բայց այդ մարդիկ չեն ուզել անել այդ ամենը, հասկացել են, որ, եթե կանոնագրով գնան, իրենք սխալ են դուրս գալու, փորձել են հանրայնացնել, ընկել են ազդեցությունների տակ, իրենց կեցվածքը մարդիկ օգտագործեցին, անպատասխատանտու հայտարարություններ արեցին, մեղադրանքներ ներկայացրին: ՆԱՈւՄ անդամներն այն, ինչ պետք է «Դատական մարմնում» անեին, հանրայնացրել են: Իշխանություններն էլ մեր ակցիայի ֆոնին փորձեցին այդ ամենն այլ կերպ ներկայացնել»:
ՆԱՈւՄ անդամները նաև պնդում էին, որ իրենց հետ ՀԵՄ-ը չի քննարկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, պնդում են, որ դա վերաբերում է ուսանողական միությանը:
«Արայիկ Հարությունյանի հետ կապված ծրագիրը, այն գործընթացները, որոնք դուք տեսել եք, կազմակերպել է ՀՅԴ ՀԵՄ-ը, մեր ծրագիրն ու որոշումն է, մենք այդ ամեն ինչը մինչև Գերագույն մարմնին ներկայացնելը քննարկել ենք նաև ՆԱՈւՄ-ի վարչության անդամների հետ, նրանք ևս ասել են, որ դեմ են ԿԳՄՍ նախարարի քաղաքականությանը, հետո փոխել են որոշումը: Դրա համար եմ կարծում, որ ուղղորդվում են: ՆԱՈւՄ-ի երեք անդամներն իրենց կարծիքը ներկայացնում են՝ որպես ամբողջ միության կարծիք, բայց դա այդպես չէ, մեզ հետ ոստիկանության կողմից բերման ենթարկված 24 ՀՅԴ-ականներից 5-ն ուսանողական միության անդամներ են»,- պարզաբանեց Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ ՀԵՄ անդամին զարմացնում է նաև այն փաստը, որ չնայած գործող իշխանության ամենաբարձր մակարդակներով ասվում է , որ ՀՅԴ-ն ունի «զրո ազդեցություն», այդ դեպքում ինչո՞ւ են այսպիսի լայն քննարկման առարկա դառնում կուսակցության ներքին խնդիրները: