Բաժիններ՝

«Երեքն էլ միանշանակ լավ տարբերակ չեն». Ֆուտբոլասերը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուների մասին 

«3-ից ամենաընդունելին Թովմաս Գրիգորյանն է». երեկ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված երեք թեկնածուների մասին  կարծիք հայտնեց «Ինտրիգ» երիտասարդական միության նախագահ, ֆուտբոլասեր Կարեն Ավագյանը:

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում ՀՖՖ նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը:

«Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո հույսը մեծ էր, որ ՀՖՖ-ն վերջապես արժանի նախագահ կունենա, որովհետև Արթուր Վանեցյանն էլ խոստովանում էր, որ ֆուտբոլից հեռու մարդ է: Եթե ինքն այն ժամանակ ԱԱԾ տնօրեն չլիներ, իր ընտրվելը վատ արձագանք կունենար: Ֆուտբոլասերները ֆուտբոլային մարդ էին ուզում, օրինակ՝ Յուրի Ջորկաեֆին, դրսից մարդ էին ուզում, որը լավ մենեջմենթ կունենար»,- ասաց Կարեն Ավագյանը:

Ֆուտբոլասերը կտրականապես դեմ է  Խորեն Հովհաննիսյանի՝ ֆեդերացիայի նախագահ ընտրվելուն, պնդում է, որ չնայած նա լեգենդ է հայկական ֆուտբոլում, բայց դա դեռ չի նշանակում, որ կկարողանա ղեկավարել հավաքականը:

«Ֆուտբոլ խաղալը և կառավարելը տարբեր հասկացություններ են: Ինքը կձախողվի, միանշանակ չի կարողանա,  չեմ ուզում իր անունը ընկնի ժողովրդի աչքից, կխայտառակվի ինքը: 3-ից ամենաընդունելին Թովմաս Գրիգորյանն է, բայց զուտ այս երեքից է նա ընդունելի, ընդհանուր առմամբ ինքն էլ ընդունելի տարբերակ չէ: Եթե Թովմաս Գրիգորյանն ընտրվի, գոնե հետընթաց չի ապրի ֆուտբոլը, վատագույն դեպքում՝ նույնը կմնա: Այն երկուսը հաստատ կործանման են տանելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Թովմաս Գրիգորյանի ղեկավարած «Լոռի» ակումբը ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-2020թթ. առաջնությունում առաջին հորիզոնականում է: Այս փաստը Կարեն Ավագյանին թույլ է տալիս մտածել, որ նա կառավարել գիտի, բայց նրա անվան հետ կապված խնդիրներ կան:

«Թովմաս Գրիգորյանը Լոռի-Փյունիկ խաղի ժամանակ Լոռիի խաղացողներին գոռում էր՝ «Փյունիկի խաղացողների ոտքերը ջարդեք», իր անունը հիմա մի քիչ այլ կերպ է ընկալվում: Իր մասին ասում են, որ  Ռուբեն Հայրապետյանի հետ կապ ունի, նրա թեկնածուն է, Հայրապետյանը Թովմաս Գրիգորյանի միջոցով ֆեդերացիան ուզում է իր ձեռքը վերցնել, բայց Գրիգորյանը մերժում է այդ մոտեցումը, ասում է, որ բոլոր ղեկավարների հետ էլ մոտ է եղել, որովհետև ֆուտբոլի մարդ է տարիներ շարունակ:  Երեքն էլ միանշանակ լավ տարբերակ չեն, չկա մեկը, որ ֆուտբոլասերների երազած թեկնածուն է եղել, կամ գոնե երազածին մոտ թեկնածու է եղել»,- ասաց Կարեն Ավագյանը:

Երեկ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների ներկայացման ժամանակ ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն ասաց, որ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը  որևէ բարոյական իրավունք չունի առաջադրվելու, քանի որ նա փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ   վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հաջողությամբ կործանել է ֆեդերացիան: Կարեն Ավագյանը, թեև որակումը կոպիտ է համարում, բայց մտքի հետ համաձայն է:

«Արթուր Վանեցյանի բոլոր ձախողումները Մելիքբեկյանի ձախողումներն են, Վանեցյանը սիմվոլիկ նախագահ է եղել, չի ղեկավարել ինքը, ուղղակի ժամանակ չի ունեցել, մեկ ու կես տարի ղեկավարել է Մելիքբեկյանը և ձախողել է, ամեն առումով՝ թե՛ մանկապատանեկան, թե՛ ակումբային ֆուտբոլում, թե՛ հավաքականների մասշտաբով, նույնիսկ զարմացած եմ, թե ի՞նչ մտքով է թեկնածություն դրել»:

Մեր հարցին, թե այդ ձախողումների մեջ մտնո՞ւմ է նաև Իտալիա-Հայաստան խաղի 9:1 պարտությունը, ֆուտբոլասերը պատասխանեց, որ այդ ձախողման պատճառը տարիների խորքից է գալիս, մի քանի օրվա հարց չէ: Երեկ թեկնածուների ներկայացման ժամանակ խոսվեց նաև ՀՖՖ կազմում գործող «ֆեյք» կառույցների մասին: Փոխտնօրեն Արմեն Նիկողոսյանն ասաց, որ կասեցվել է 7 կառույցի անդամակցություն: Կարեն Ավագյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ «ֆեյքերի» մասին ֆուտբոլի հետ առնչություն ունեցող մարդիկ վաղուց գիտեին, բազմիցս էլ բարձրաձայնել են:

«Օրինակ, «Հայք» ֆուտբոլային ակումը տարիներ առաջ է եղել ու շատ կարճ է գործել, կարծեմ՝ մեկ-երկու տարի, ու այն էլ՝ 90-ականներին: Հիմա այդ ակումբը կար գործկոմի անդամների ցանկում, պարզ է, որ դա «ֆեյք» է,  գոյություն չունի այդ ակումբը: Դրանք ստեղծված են եղել Ռուբեն Հայրապետյանի ժամանակ, իրենց միջոցով է Հայրապետյանը միշտ վերընտրվել: Ոչ մի ընտրության ժամանակ Ռուբեն Հայրապետյանը մրցակից չի ունեցել, չի եղել դեպք, որ մրցակցելով՝  ընտրվի նախագահ, միշտ եղել է մենակ: Ոչ ոք իր դեմ թեկնածություն չի դրել, որովհետև անիմաստ է եղել, ով ուզում է լիներ, չէր հաղթելու, 2-3 ձայն չէր հավաքելու, բոլորն իր հ/կ-ներն էին: Ֆուտբոլային շատ մարդիկ 2008-2009 թթ.-ից միշտ ասում էին, նույն Սուրեն Բաղդասարյանը: Ո՞վ չգիտեր, թե ինչի շնորհիվ էր Հայրապետյանը վերընտրվում, չեն համարձակվել  խոսել, բայց միշտ էլ իմացել են, այն ժամանակ նպաստավոր պայմաններ չկային ասելու այդ մասին»,- ասաց ֆուտբոլասերը:

Միևնույն ժամանակ՝ հույս  հայտնեց, որ գոնե այս անգամ կլինի ծրագրերի,  և ոչ՝ հեղինակությունների պայքար:

«Հիմա էլ ծրագրերի պայքար չկա: Ամեն մեկն իր թեզն է առաջ քաշում: Խորեն Հովհաննիսյանի հիմնական թեզն այն է, որ ինքը լեգենդ է և կապեր ունի, թեկուզ նախկին Սովետական Միության տարածքում: Արմեն Մելիքբեկյանի թեզն այն է, որ մեկ ու կես տարվա ընթացքում առաջընթաց են գրանցել, թե ի՞նչ առաջընթաց, չգիտենք: Թովմաս Գրիգորյանն էլ ասում է, որ ինքը գիտի՝ ինչպես թիմ զարգացնել, ուրեմն կարող է նաև հավաքականը զարգացնել: Կետերով ծրագիր չկա: Օրինակ՝ չեն ասում, որ մանկապատանեկան ֆուտբոլում այս ձևաչափով այսքան ներդրումներ են արվելու, դաշտեր են վերանորոգվելու կամ ստեղծվելու: Իմ կարծիքով՝ պետք է Վրաստանի, Ադրբեջանի օրինակով  Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպեր գավաթը կամ Եվրոպա լիգայի եզրափակիչը մեր երկրում անցկացնելու հայտ ներկայացնենք:  Ժողովուրդը պետք է պարտադրի, ճնշման տակ պահի, որ ծրագիր ներկայացնեն»:

Կարեն Ավագյանը վերջում հեռուստաընկերություններին կոչ արեց բանավեճ կազմակերպել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս