Բաժիններ՝

ՀԲ խումբն աջակցելու է ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը Հայաստանում

Համաշխարհային բանկի խումբը` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ, Հայաստանում սկսում է նոր խորհրդատվական ծրագիր, որը կօգնի ՀՀ կառավարությանը իրականացնելու բարեփոխումներ, ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ) և զարգացնել կանանց ձեռներեցությունը՝ երկրում գործարարության աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Այս մասին հաղորդում են ՀԲ խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայից։

«2008 թվականից ի վեր ՕՈՒՆ-ների ներգրավումը Հայաստանում դարձել է մարտահրավեր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի և երկրի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ խնդիրների պատճառով:

Հայաստանը դիմակայում է նաև ձեռնարկատիրության ոլորտում կանանց ու տղամարդկանց միջև անհավասարություններ` հանգեցնելով ավելի ցածր տնտեսական արդյունքի, որը համարժեք է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 14 տոկոսին:

«Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» երկամյա ծրագիրը կիրականացվի Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (ՄՖԿ): Ծրագիրը կաշխատի երկու ուղղություններով. այն խորհրդատվություն կտրամադրի կառավարությանը ՕՈՒՆ-ների ներգրավման ոլորտում` ներդրումների նպատակային խրախուսման ու ներդրողների վստահության բարձրացման գործիքակազմի միջոցով: Ծրագիրը կօգնի նաև բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքները` բարելավելով նրանց գործարար կարողությունները և գործարար ցանցերի հասանելիությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Ես շնորհավորում եմ բոլորիս Հայաստանում խորհրդատվական ծրագրի մեկնարկի առիթով։ Մենք գնահատում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների խթանումը, որտեղ խորհրդատվական ջանքերը կօգնեն մեզ ձևավորել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը։ Մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ նոր հնարավորություններ ստեղծելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման համար»:

Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանն ասաց․ «Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցելու այս ծրագրին բրիտանական կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով։ Այն կօգնի Հայաստանի կառավարությանը բարելավել բիզնեսի համար բարենպաստ միջավայրը և խրախուսել ներդրումները ՝ տնտեսական աճը խթանելու նպատակով։ Հատկապես կարևոր է շեշտադրումը կանանց տնտեսական հզորացման վրա. նպատակ, որն ընկած է բրիտանական կառավարության՝ զարգացման մոտեցման հիմքում»:

ՄՖԿ-ի խորհրդատվությունը կնպաստի բարձր ներուժ ունեցող ոլորտների աճին, այդ թվում` ՕՈՒՆ-ների նպատակային խթանման համար խոստումնալից ոլորտների բացահայտման միջոցով: Ծրագիրը կօգնի բարելավել համապատասխան իրավակարգավորումները: Այն նաև կօգնի ՀՀ կառավարությանը բացահայտել ընտրված ապրանքների արտահանման ներուժը: Գործարար միջավայրի բարեփոխումներից կին ձեռնարկատերերի օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով` ծրագիրը կօգնի վերլուծել գործարարությամբ զբաղվող կանանց հիմնական խոչընդոտները և զարգացնել կին ձեռնարկատերերի կարողությունները:

«Մասնավոր հատվածի ավելի բարձր արտադրողականությունը խթանում է տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: Ներդրումային միջավայրի բարեփոխումներն առանցքային են մասնավոր հատվածի զարգացման և կին ձեռնարկատերերի հզորացման համար»,- ասել է ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը։ – Մենք կաշխատենք Հայաստանի կառավարության հետ օգնելու բարելավել երկրում գործարար միջավայրը, որը հանդիսանում է ավելի մրցունակ ներդրումային միջավայր ունենալու գործում Հայաստանի կառավարությանն աջակցության Համաշխարհային բանկի խմբի ավելի ընդարձակ ջանքի մի մասը»:

Հայաստանը ՄՖԿ անդամ և բաժնետեր դառնալուց ի վեր, ՄՖԿ-ն շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի մասնակցություն է ունեցել էներգետիկայի, ֆինանսական հատվածի, գույքային և արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս