«Ձեր պատկերացրած քաղաքապետը նստում ա հանդիպմանը, դիմացինն անընդհատ հեռախոսով խոսում ա՞». Միրզոյանը՝ Ուրիխանյանին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մտահոգված է. երբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին լիազորություններ տան որոշելու, թե այս կամ այն շրջիկ  կետը որքա՞ն ժամանակով, որտե՞ղ պետք է իր գործունեությունը ծավալի, արդյոք տնտեսվարողները դրանից չե՞ն տուժի։ Ըստ Ուրիխանյանի՝ գերադասելի է, որ այդ հարցը կարգավորվի կառավարության որոշմամբ կամ իրավական ակտի տեսքով։

Այս մասին այսօր խորհրդարանում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց  Տիգրան Ուրիխանյանը։

«Որովհետև երկու օր է՝ հետևում ենք մի իրավիճակի, և, ի դեպ, քաղաքապետն էլ մտել է այդ բանավեճի մեջ և քննարկում է, թե ի՞նչ հագուստով են իր մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, կամ երբ են հեռախոսային խոսակցություններ ունենում, կամ պատի տակ շարվելուց պատշաճ կերպո՞վ են զգաստ կանգնել, կամ ի՞նչ տևողությամբ են կանգնել։ Մենք ականատես եղանք, որ ամիսներ շարունակ Երևանը թաղված էր աղբի մեջ. խնդիրը մի քանի բեռնատարի հարց լուծելն էր, որի հարցն էլ, ի դեպ, օդում կախված է, և հասարակությունը սպասում է դրա պատասխանին։ Հիմա ստացվում է, որ Երևանը ներդրողների համար աննպատակահարմար քաղաք է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր եկել, թե՞ թագավորի մյուս որդին»,- ասաց  Ուրիխանյանը՝ կոչ անելով  ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակությունների վրա և հասկանալ՝ հիմա զգաստ կանգնող մարդուն տալո՞ւ են շարժական կետեր, թե՞ ոչ։

Տիգրան Ուրիխանյանի ելույթը սահմանված ժամանակից ավելի տևեց, ինչի կապակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորին հարցրեց.

«Գրավե՞լ եք ամբիոնը, չեք լսում՝ կոչնակը հնչում ա, որ ժամանակը վաղուց սպառվել ա։ Մեկ էլ, չեմ պատկերացնում՝ Ձեր պատկերացրած քաղաքապետը նստում ա հանդիպմանը, դիմացինը անընդհատ հեռախոսով խոսում ա՞»։

Տիգրան Ուրիխանյանն ԱԺ նախագահին հորդորեց իր հայտարարությունները չմեկնաբանել, քանի որ ինքն իրացնում է պատգամավորի իր իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս