Բաժիններ՝

Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների դեպքում ԵՄ-ն պատրաստ է «ուժեղ պատասխան» տալ

Փարիզի դեմ ամերիկյան պատժամիջոցների նախագիծն անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրանց կիրառման դեպքում Եվրամիությունը պատրաստ է «ուժեղ պատասխան» տալ, հավելել է նա:

«Մենք կտեսնենք՝ ինչ վերջնական որոշումներ կլինեն: Բայց արդեն նախագիծն ինքը «…» դա այն գործելաոճը չէ, որը մենք ԱՄՆ-ից սպասում ենք նրա գլխավոր դաշնակիցների՝ Ֆրանսիայի եւ ընդհանրապես Եվրոպայի նկատմամբ»,-ընդգծել է նախարարը: Ինչպես ասված է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի զեկույցում Ֆրանսիան խտրական քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա: Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք խոշորագույն թվային ընկերությունների ծառայությունների հարկի մասին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը: Այդ օրենքը խիստ քննադատություն է առաջացրել ԱՄՆ-ի կողմից:

Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես պատասխան միջոց կարող է հարկ սահմանել ֆրանսիական գինու վրա: ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչը հայտարարել է, որ «ավարտել է հետաքննության առաջին մասը» ֆրանսիական թվային հարկի վերաբերյալ, եւ հանգել եզրակացության, որ այն «խտրական է ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ»: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Google, Apple, Facebook եւ Amazon ընկերություններին: Որպես պատասխան միջոց ԱՄՆ-ը դիտարկում է ապրանքների՝ մինչեւ 2,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ մաքսերի սահմանման հնարավորությունը: «Առեւտրական ներկայացուցչի որոշումն ուղարկում է հստակ նախազգուշացում, որ ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի թվային հարկային ռեժիմների դեմ, որոնք խտրականության են ենթարկում ԱՄՆ-ի ընկերություններին»,- ասված է հայտարարության մեջ: Համանման հետաքննություններ են սկսված Ավստրիայի, Իտալիայի եւ Թուրքիայի նկատմամբ, ճշտել են գերատեսչությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս