Ադրբեջանում ամրապնդվում են Մեհրիբան Ալիևայի դիրքերը. քարոզչական դաշտում մարտավարություն է փոխվելու. ադրբեջանագետ

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասաց, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու են իրականացվող հումանիտար քայլերը, մասնավորապես, լրագրողների վերջին փոխայցելությունները:

«Բնականաբար, այս հանդիպումից դժվար է սպասել խնդրի լուծման ուղղությամբ ինչ-որ լուրջ առաջխաղացում, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ խնդրի էությունը հետևյալն է՝ «հայկական զորքերը զավթել են իրենց տարածքները, և եթե վերացվի օկուպացիան, կվերանա խնդիրը»: Սա  իրենց բանաձևն է, մինչդեռ մենք գիտենք, որ խնդրի պատճառը դա չէ: Այսինքն՝ 1988-ին հայերը չեն որոշել զավթել ինչ-որ երկրի տարածք: Դա պատմական հայկական տարածք է, որտեղ ապրում էին հայերը, և որտեղ նրանց ֆիզիկական գոյությանը վտանգ էր սպառնում:

Վերջերս Իլհամ Ալիևը կրկնեց իր հոր խոսքը, որ երբ նա Ադրբեջանում  Կոմկուսի առաջին քարտուղարն էր մինչև 1982 թվականը, անընդհատ քայլեր էր իրականացնում, որպեսզի ԼՂԻՄ-ում աճի ադրբեջանական բնակչությունը: Իլհամ Ալիևը պնդում է, որ իր հոր  իշխանության օրոք երկու  անգամ աճել է բնակչության թիվը, և եթե հայրը չգնար քաղբյուրո՝ Մոսկվա, ապա մինչև 1990 թիվն ադրբեջանցիների թիվը կհասներ 50 տոկոսի, և խնդիր չէր լինի: Սա ինչպես արել էին Նախիջևանում հայերի քանակը նվազեցնելով և ադրբեջանցիների քանակն արհեստականորեն ավելացնելով, նույն կերպ, ըստ իրենց՝ կլուծեին ԼՂ հիմնախնդիրը: Այսինքն՝ «չկան հայեր, չկա խնդիր» բանաձևով: Եվ  քանի որ խնդրի էությունը սա է, բնականաբար, մեկ-երկու քայլով հակամարտությունը լուծել չի ստացվի: Պետք է ստեղծել համապատասխան հարթակներ, ինչը տարիների աշխատանք է պահանջում: Եվ, որ ամենակարևորն է՝ Ադրբեջանի իշխանությունների համապատասխան կամքն է պետք, ինչը բացակայում է իսպառ: Իսկ հայկական իշխանությունները հակառակ քաղաքականությունն  են վարում, և այս պարագայում վաղ է խոսել խնդրի լուծման մասին»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ Մինսկի խմբի շրջանակում հանդիպումները միտված են նաև սահմանին լարվածության թուլացմանը և պատերազմի վերսկսումը կանխելուն:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարություններին, Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ չնայած ադրբեջանական մամուլը փորձեց Լավրովի խոսքն իրենց ձեռնտու ձևով ներկայացնել, երբ Իլհամ Ալիևը նշել էր, թե կոնտրպրոդուկտիվ են Հայաստանի կողմից հնչող այն հայտարարությունները, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», սակայն ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել էր. «Ես բացարձակապես պաշտպանում եմ ձեր այն թեզը, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի հաստատած հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում»: Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն «ըստ էության չեզոք է՝ հասկացնելով, թե նույնը ձեզ է վերաբերում, քանի որ Հելսինկյան եզրափակիչ ակտում խոսվում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին: Իսկ մենք գիտենք, որ Ալիևի հայտարարությունները հակասում են դրան, երբ բազմաթիվ անգամ ասվել է, որ ռազմական գործոնը մեծ դեր ունի խնդրի լուծման հարցում: Այստեղ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստան այցի ընթացքում Լավրովը հայտարարել էր, որ Արցախի ժողովուրդը պետք է մասնակցի խնդրի լուծմանը, հակառակ դեպքում Երևանը չի համաձայնի լուծման որևէ տարբերակի, որին չի համաձայնի Ստեփանակերտը: Այս միտքը շատ հստակ ընդգծել էր ՌԴ ԱԳ նախարարը»:

Տարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Ադրբեջանի ներքաղաքական ներկա զարգացումները կտրուկ ազդեցություն չեն ունենա բանակցային գործընթացի վրա, քանի որ այստեղ խոսքը նրանց ներքին քաղաքական խնդիրներն են, քաղաքական կուրսում փոփոխություններ չեն սպասվում:

«Սրանք Ադրբեջանի իշխանության ներսում ինչ-որ մանևրներ են, որոնք տանում են Մեհրիբան Ալիևայի դիրքերի ամրապնդմանը, որը Ալիևի քաղաքական կուրսի շարունակողն է այս հարցում:  Մեհրիբան Ալիևան էլ բավականին ագրեսիվ հռետորաբանությամբ է հանդես գալիս, որը չի ցանկանում փոխել: Մյուս կողմից՝ ցանկության դեպքում էլ դա հնարավոր չէ անել, որովհետև այն  համակարգային մակարդակով ամրացած է»,- պնդեց Տարոն Հովհաննիսյանը:

168.am-ի հարցին, որ կադրային ջարդ է սկսվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, և հին կադրերին փոխարինում են նորերը, ինչը չի՞ նշանակում տեղեկատվական պատերազմում, քարոզչական դաշտում մարտավարության փոփոխություն, Ադրբեջանի հարցերով փորձագետը համաձայնեց:

«Դուրս եկան բավականին հին դեմքեր, որոնք Հեյդար Ալիևի աջակիցներից էին դեռևս 90-ականներից՝ աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը, Ալի Հասանովը, որը գաղափարախոսության առաջնորդն էր հեյդարիզմի, իշխող ուժի: Նրանց փոխարեն եկան նոր մարդիկ, որոնցից է Գյունդուզ Քերիմովը, որը հիմա  բաժնի ղեկավար է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, մինչ այդ Մեհրիբան Ալիևայի օգնականն էր: Էլի երիտասարդներ կան, որոնք Հեյդար Ալիևի հետ կապ չեն ունեցել, և մի մասը Իլհամ Ալիևի հետ կապ ունի, մի մասը՝ Մեհրիբանի:

Մեհրիբան Ալիևայի հետ կապ ունեցող մարդիկ հիմա նախագահի աշխատակազմում շատ են: Հին կադրերն ինքնուրույն դեմքեր էին, հավատարիմ էին եղել Հեյդար Ալիևին և  հավատարիմ էին Իլհամ Ալիևին, քանի որ նրա որդին է, և հարց է՝ նրանք հավատարիմ կլինեի՞ն Մեհրիբան Ալիևային, բնականաբար՝ ոչ: Այսինքն՝ առանձին խաղացողները դուրս են գալիս, և նրանց փոխարինում են  մարդիկ, որոնք առանձին կերպարներ չեն, որոնք ինչի հասել են, դա արել են Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի շնորհիվ, կախված, լոյալ մարդիկ են: Նույնը խորհրդարանի դեպքում է: Ըստ այդմ՝ այո, մարտավարական որոշակի փոփոխություն կլինի, քանի որ երիտասարդ խորհրդարանականներ, որոնք կրթություն են ստացել դրսում, տիրապետում են օտար լեզուների,  կփորձեն տեղեկատվական պատերազմի դաշտում ավելի գրագետ գործել: Այսինքն՝ եթե առաջ կաշառքներով էին փորձում դրսում իրենց հարցերը լուծել, հիմա կփորձեն դիվանագիտության միջոցով»:

Արդյո՞ք հայկական կողմն ունի Ադրբեջանի այս նոր մարտավարությանը դիմակայելու ռեսուրս, այդ թվում՝ մարդկային, փորձագետը շեշտեց՝ մեզ մոտ ևս պետք է լինեն կրթված կադրեր, գրագետ աշխատող մարդիկ:

Ըստ նրա՝ քարոզչական դաշտում ունենք կադրեր, պետք է պարզապես գրագետ գործել:

Տեսանյութեր

Լրահոս