«Նախիջանի սահմանին թուրքը 20.000-անոց բանակը դրել է սպառազինություններով, ամեն ինչով, դուք ասում եք՝ բանակում կարող եք մեկ ամսով ծառայել». Հետախույզ

Ազգային ժողովի  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք:

Այն կկարգավորի մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:

Նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին:

Հետախույզ Գևորգ Գևորգյանի կարծիքով՝ այս նախագիծը  խարխլում է պետության հիմքերը:

«Համաձայն ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալ-իրավական պետության հիմնախնդիրներից է՝ ապահովել սոցիալական համերաշխությունը: Այս նախագիծը խարխլում է սոցիալական համերաշխությունն ու պետության հիմքերը: Սա հերթական ապազգային  նախագիծն է: Աստված չանի՝ սա վավերացվի, իսկ դա կնշանակի, որ մեր բանակում ծառայողները պետք է լինեն անճար մարդիկ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Գևորգյանը:

Նրա կարծիքով՝ այս քայլով երկրի պաշտպանության գաղափարը բարոյազրկվում է:

«Միևնույն ժամանակ, բանակը ոչ թե պետք է ֆինանսավորվի անձերի կողմից, այլ ՀՀ բյուջեից: Այսինքն, փորձեք այնպիսի նախագծեր առաջ բերել, որպեսզի դրանով կարողանաք լավացնել սոցիալ-տնտեսական վիճակը, բանակն այնքան բարենպաստ դարձնեք ծառայելու համար, յուրաքանչյուր երիտասարդի համար այնքան ցանկալի, որ մեծ հաճույքով ցանկանա ծառայել: Պատկերացնո՞ւմ եք, եթե մեկը 10 միլիոն դրամ է տալիս, մյուսը՝ ոչ, ի՞նչ է ստացվում: Իշխանությունը, այսօրվա կառավարությունն ինչի՞ համար է: Այսինքն, պետք չէ զարմանալ, մեր վարչապետը բարձր ամբիոնից հայտարարեց, որ իրենք պաշտպանում են միայն նույնասեռականներին և սեռափոխվածներին: Իրենք երկրի պաշտպանություն, ազգային գաղափարախոսություն, ազգային ողնաշար, ազգային տեսակը նորից թողնում են ժողովրդի վրա, այնպես, ինչպես ասում էին՝ ժողովուրդ ջան, Արցախի խնդիրը դուք եք որոշում, Ամուլսարի խնդիրը դուք եք որոշում, բանակի ֆինանսավորումն էլի դուք եք որոշում:   Բա դո՞ւք ինչ եք որոշում: Դուք ինչի՞ համար եք տեր, միայն գեյերի, սեռափոխվածների համա՞ր»,- նշեց հետախույզը:

Գևորգ Գևորգյանը նկատեց՝ անգամ Իսրայելը երբեք թույլ չի տվել մտածել նման նախագծերի մասին. այնտեղ նույնիսկ կանայք են ծառայում:

«Իսկ մենք մշտապես պատերազմի մեջ լինելով, մեզ բնաջնջելու երազանք ունեցող հակառակորդներ ունենալով՝ նման բան ենք անում: Սրանց մեկ օր մնալը մեզ տարիներով հետ է գցելու: Ես նախկին իշխանությանը չեմ պաշտպանում, ոչ էլ պատասխանատու եմ նրանց կատարած քայլերի համար: Ես այսօրվա ու վաղվա մասին եմ խոսում: Նման նախագծերի մասին, եթե թույլ են տալիս անգամ մտածել, դա անհատներինը չէ, իրենց կուսակցության գաղափարախոսությունն է: Իրենք ազգային գաղափարախոսությանը, ռազմահայրենասիրությանն իրենց քայլերով դեմ են դուրս գալիս: Ախպեր ջան, հերի՛ք է, կերաք կյանքներս: Եթե ուզում եք կարճ ժամանակահատվածում զինվոր դաստիարակել, ազգային դիմագիծը պահել պետք է կարողանաք, հայոց լեզվին, եկեղեցու պատմությանը չպետք է ձեռք տաք:

Հերոսները երկիր պահողներն են եղել: Մենք երբեք չենք մտածել, որ հերոս կարող է լինել նա, ով կարողանում է 187 կմ քայլել, կամ փշալարերից կախվածը դառնում է հերոս, իսկ հերոսը՝ գող ու ավազակ: Եթե հանցագործություններ են արել, ու փաստեր ունեք, լուռ ու մունջ կարողացեք այդ խնդիրները լուծել, ոչ թե մարդկանց բարոյազրկեք ու բանակի, երկրի պաշտպանությունը դարձրեք երկրորդական խնդիր:15 տարվա ընթացքում առաջին խայտառակ մարաթոնն է եղել, որ ավելի քիչ գումար է հավաքվել, քան բոլոր ժամանակներում: Բա ո՞ւր է սփյուռքը, որ ձեր կողքին կանգնած էր, ընդունում էր ձեր քայլերը: Ինչո՞ւ մինչ օրս ոչ ոքի կյանքը չի բարելավվել, ո՞ւմ հերոսն էիք, ձե՞ր, թե՞ մեր: Ձեզ թվում է՝ Ստամբուլյան կոնվենցիան չի՞ ընդունվելու, Ամուլսարը չե՞ն աշխատացնելու: Մենք ձեզ վստահեցինք, իշխանություն, դե բարի եղեք, երկիրը ոտքի կանգնեցրեք: Նախիջանի սահմանին թուրքը 20.000-անոց բանակը դրել է սպառազինություններով, ամեն ինչով, դուք ասում եք՝ բանակում կարող եք մեկ ամսով ծառայել: Ադրբեջանն էլ այնտեղից ասում է՝  խնդրի խաղաղ լուծում չկա, «իմ հողերը պետք է տան»»,- եզրափակեց նա:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս