Բաժիններ՝

Զոհված զինծառայողների ընտանիքներն իրենց պահանջները գրավոր կներկայացնեն Կառավարությանը

Զոհված զինծառայողների հարազատներն այսօր Կառավարության նիստից հետո հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի հետ։
«Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում պայմանավորվել են փաստաթղթով իրենց պահանջները ներկայացնել։

«Պայմանավորվեցինք, որպեսզի երկու օր անց դիմումը ներկայացնենք։ Ակնկալում ենք, որ հարցը դրական լուծում կստանա։ Մենք նախկինում մեր պահանջները ներկայացրել էինք, Կառավարության աշխատակազմի ղեկավարը մեզ պատասխանել էր, ինչը մեզ չէր բավարարել, պահանջը նույնն է, ոչինչ չի փոխվել»,-հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինվորների հարազատներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով այն փաստաթուղթը, որով 30 մլն դրամ է հատկացվել Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ Ըստ Մարգարիտա Խաչատրյանի, այդ փաստաթուղթը կվերցնեն և կմտնեն դատարան, հասկանալու, թե այդ որ օրենքով են նման հատկացում արել։

Հիշեցնենք նաև, որ նրանց պահանջը Կառավարությունից մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։
Նշենք, որ նրանք հանդիպել էին նաև վարչապետի հետ, սակայն արդյունքները նրանց չէին բավարարել։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս