«Այնպիսի քայլեր մի՛ արեք, որ մենք մտածենք՝ ավելի լավ է՝ ոչ մի հարց չլուծենք». Վարչապետը՝ ցուցարարներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո զրուցեց կառավարության առջև առավոտից բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ, ովքեր Կառավարությունից պահանջում էին, որպեսզի Մարտի 1-ի զոհերի ընտանիքների օրինակով իրենց ևս 30 միլիոն դրամ միանվագ նպաստ տան:

«Ես ձեր հարցին մի քիչ անուղղակի եմ պատասխանելու: Երբ ես 2018-ին դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր միայն 2017 թվականից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին: Առաջին որոշումներից մեկը, որ մենք կայացրինք, դա այն էր, որ ժամկետը հետ տարանք մինչև 2014 թվականը: Ինձ Եռաբլուրում մոտեցան զոհված զինծառայողների մայրեր, ասացին՝ մենք Ձեզնից վիրավորված ենք, դուք 1000 դրամների հիմնադրամը 3 տարի հետ եք տարել, բայց մեր տղաները, օրինակ, 2011-ին են մահացել:

Ես իրենց ասացի, որ իրենք պետք է ոչ թե վիրավորվեն, այլ քաջալերվեն, քանի որ կառավարությունն այսպիսի քայլ է արել և այդ ուղղությամբ է գնում: Դրանից 7-8 ամիս հետո որոշում կայացվեց, որ սկսելու ենք վճարել 2008 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Մեր խնդիրն է, որ այս հիմնադրամը հետ գնա մինչև 1990-ականներ: Դրա համար պետք է, որ աշխատատեղերը գրանցվեն, և մենք առաջընթաց ունենք, ավելացել է 65.000 գրանցված աշխատատեղ: Ես ձեզ խնդրում եմ, երբ մենք ինչ-որ տեղ ինչ-որ հարց լուծում ենք, ձեր արձագանքը չլինի այն, որ՝ «այ, այն մեկի հարցը լուծեցիք, իսկ մեր հարցը չլուծեցիք»: Ես խնդրում եմ, որ արձագանքեք, թե՝ «ինչ լավ է, որ Հայաստանում այնպիսի Կառավարություն է ձևավորվել, որը հարցերը լուծելով՝ առաջ է գնում»: Մեզ հնարավորություն տվեք, որ բոլոր հարցերը հերթով լուծենք:

Ես՝ որպես վարչապետ, ամաչում եմ, որ նման հարց եմ քննարկում, այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ, ես ներողություն եմ խնդրում, որ այս հարցը մինչև հիմա լուծված չէ, բայց մենք այս թեմայով մեկ տարվա մեջ 9 տարվա հարց ենք լուծել: Այնպես մի արեք, որ մենք ամեն հարց լուծելուց առաջ մտածենք՝ եկեք այս հարցը չլուծենք, քանի որ այն կառաջացնի արդարացի դժգոհություն մյուսների մոտ: Շատ դեպքերում լինում է, երբ զինծառայողը ծառայության ընթացքում զոհվում է և շահառու չի համարվում հիմնադրամի, հիմա շրջանառության մեջ է մի փաստաթուղթ, ըստ որի՝ ես առաջարկում եմ, որ, եթե զինծառայողը զոհվում է, ասենք, պատահարից, չի կարելի ասել, որ ինքը մարտական հերթապահության ժամանակ չի զոհվել:

Ես հիմա ոչ մեկիդ չեմ կարող հակադարձել, ասել, որ դուք ինչ-որ բան սխալ եք ասում, բայց խնդրում եմ, այնպիսի քայլեր մի արեք, որ մենք մտածենք՝ ավելի լավ է՝ ոչ մի հարց չլուծենք: Այս երկրի հարցը մի հատ չէ, երկու հատ չէ, հիսուն հատ չէ: Եթե մենք որոշում կայացնենք միանգամից փոխհատուցել մինչև 90 թվականի զոհվածների ընտանիքներին, ապա մենք մի ամիս կարող ենք տալ գումարը, հետո չկարողանալ»:

«Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրեց վարչապետին, թե հատկապես ի՛նչն է զայրացրել ցուցարարներին:

«Պարոն Փաշինյան, մամուլի ասուլիսի ժամանակ ասում եք՝ մենք գումարի խնդիր չունենք, Մարտի մեկին փողոցային կռվի ժամանակ մահացած մարդկանց ընտանիքներին հատկացնում եք 30 միլիոն դրամ միանվագ նպաստ, դրա փոխարեն՝ կարող էիք ինչ-որ ճղճիմ գումար այս մարդկանց էլ հատկացնել»:

Վարչապետն արձագանքեց, թե Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցելն այլ պատճառաբանություն ունի:

«Մարտի մեկի գործով մենք վճարել ենք հետևյալ տրամաբանությամբ: Այդ մարդկանց դատական գործերը ՄԻԵԴ-ում են, որոնք, մեր իրավաբանների կարծիքով, ՀՀ-ն պարտվելու է, և իրենք են ՀՀ-ին պարտավորեցնելու, որ այդ գումարը վճարենք: Էլի թող այդ գործերը քննվի ՄԻԵԴ-ում, բայց մենք այս որոշումը կայացրել ենք, որ  այնպես չստացվի, թե Հայաստանի նոր Կառավարությունն իր քաղաքացու կյանքը չէր հարգում»:

Հավաքվածներից շատերը պնդում էին, որ պետք էր սկսել 90-ականերին զոհվածների ընտանիքներից, քանի որ նրանց ծնողներն ու կանայք արդեն տարիքով շատ են մեծ,  չեն կարողանում աշխատանք գտնել: Վարչապետին փորձեց հարց ուղղել նաև հավաքվածներից մեկը, ում Փաշինյանը թույլ չտվեց իրեն հարց տալ. Պարզվեց՝ ճանաչում է.

«Դուք Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը չե՞ք, Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի՞ չեք վաճառում, բաժանեք ժողովրդին, կամ մինչև 2018 թվականը խի՞ չեք վաճառել, ոսկիները, փողերը խի՞ չեք բաժանել»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս