Զոհված զինծառայողների ընտանիքները սպասում են Կառավարության արձագանքին
Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները սպասում են, որ երկուշաբթի Կառավարությունն իրենց նամակին պատասխան կտա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը։
Նրա խոսքով, եթե Կառավարությունն այս անգամ էլ որոշի անարձագանք թողնել իրենց խնդրանքը, ապա ինքը չի պատրաստվում զոհվածների ընտանիքների դեմն առնել, որպեսզի նրանք փողոց դուրս չգան։
«Ես չեմ կարող արգելել, որպեսզի նրանք փողոց դուրս չգան, սա իրենց իրավունքն է, եթե երկուշաբթի որոշեն բողոքի ակցիաներ իրականացնել, ես նրանց չեմ մեղադրի ու չեմ հորդորի հետ կանգնել իրենց որոշումից»,- նշեց Մարգարիտա Խաչատրյանը։
Հարցին, եթե Կառավարությունն արձագանքի, սակայն ընդառաջ չգնա իրենց խնդրանքին, բողոքելո՞ւ են, Մ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել՝ ամեն ինչ կախված է հոկտեմբերի 7-ի Կառավարության արձագանքից։
«Թե ինչ կասի մեզ Կառավարությունը, դրա մասին բոլորը կիմանան»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ընտանիքների պահանջը մեկն է՝ ուշադրություն դարձնել նաև այն զինծառայողների ընտանիքներին, որոնք ծառայության ընթացքում զոհվել են ոչ թե հակառակորդի գնդակից, այլ ծառայողական այս կամ այն պարտքը կատարելու ժամանակ։
Մասնավորապես, նրանք հորդորում են իրենց ևս միանվագ գումար փոխանցել, քանի որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների իրավահաջորդներին պետությունը տրամադրում է 30 մլն դրամ։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 19-ին զոհվածների ընտանիքները Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն հանդիպումից դժգոհ՝ նրանք շարունակեցին պնդել իրենց պահանջը։
Զվարթ Խաչատրյան