
Տաշիրում երիտասարդները մտել են ծերունու տուն, կպչուն ժապավենով կապել բերանն ու փող հափշտակել

Նոյեմբերի լույս 23-ի գիշերը ոստիկանության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Լեռնահովիտ գյուղ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ երկու երիտասարդ բաց դռնով մտել են միայնակ ապրող 80-ամյա տղամարդու տուն, կպչուն ժապավենով փակել քնած ծերունու բերանն ու հյուրասենյակից 105․000 դրամ գողացել։ Տուժողից հաղորդում ընդունվեց, տեղեկացնում է Ոստիկանությունը։
Դեպքի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Տաշիրի քրեական հետախույզները բացառապես օպերատիվ ճանապարհով պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուն մտած անձանց ինքնությունը։
Կասկածվողները՝ Տաշիրի բնակիչ, 28-ամյա և Արծնի գյուղի բնակիչ, 20-ամյա երիտասարդները վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Նրանց և դեպքի առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո երիտասարդները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին։
Երիտասարդները ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։