Եվրամիությունը չի կարողանա իրեն պաշտպանել առանց ՆԱՏՕ-ի. Մերկել
Եվրամիությունն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
«ՆԱՏՕ-ի պահպանումը համապատասխանում է մեր արմատական շահերին»,-ասել է նա: «Եվրոպան ներկայում չի կարող միայնակ պաշտպանել իրեն»,-արձանագրել է Մերկելը: Այդ կապակցությամբ, նրա կարծիքով, ճիշտ է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են հօգուտ դաշինքի եւ ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում:
Կանցլերն ընդգծել է, որ Բեռլինը պետք է հոգ տանի դաշինքի միասնության պահպանման մասին: «Այո՛, Թուրքիան բարդ գործընկեր է, բայց նրան հարկավոր է ՆԱՏՕ-ում պահել արդեն զուտ աշխարհառազմավարական պատճառներով»,-ասել է Մերկելը: Կանցլերը հաստատել է պաշտպանության ծախսերն ավելացնելու ԳԴՀ-ի իշխանությունների մտադրությունը: Նա սպասում է, որ մինչեւ 2024 թվականը պաշտպանական բյուջեն կավելանա ՀՆԱ-ի մինչեւ 1,5 տոկոսը, իսկ 2030-ական թվականների սկզբին՝ մինչեւ 2 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: