Լիլիթ Մակունցն առայժմ Ստամբուլյան կոնվենցիայի մասին չի խոսի
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ո՛չ երեկ, ո՛չ այսօր Ստամբուլյան կոնվենցիայի մասին փաստաթուղթ չկա ԱԺ օրակարգում:
«Ինչպես նախկինում եմ նշել դրա մասին, այնպես էլ այսօր եմ կրկնում, որ որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռևս չի մտել ԱԺ, սա է իմ միակ մեկնաբանությունը»,- նշեց Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հասարակության դժգոհություններն են հաշվի առել, որ կոնվենցիայի մասին փաստաթուղթը չեն բերելու ԱԺ, որի մասին խոսել էր նաև «իմքայլական» պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, որի մասին երկու անգամ արդեն հիշատակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Լիլիթ Մակունցը նշեց, որ Արդարադատության նախարարությունն արդեն տեղեկացրել է, որ փետրվարին ձևավորվելու է աշխատանքային խումբ, որում քննարկելու են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
«Կարծում եմ՝ կձևավորվի աշխատանքային խումբ, և նախարարությունը կլինի հնարավորինս ներառական՝ ներգրավելով ոչ միայն Կառավարությունից անձանց, այլև խորհրդարանից, այդ թվում՝ ընդդիմությունից: Կարծում եմ՝ պարոն Մարուքյանը հնարավորություն կունենա նաև իր դիտարկումներն ու առաջարկները ներկայացնելու այդ աշխատանքային ձևաչափում: Իհարկե, ինքներս նաև մեր առաջարկները կներկայացնենք»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան