Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել արտասահմանյան երկրներում դեսպանությունների թվով. AFP
Չինաստանն առաջին անգամ ԱՄՆ-ից առաջ է անցել արտասահմանում դիվանագիտական առաքելությունների թվաքանակով: Այդ մասին հայտնել է AFP-ն:
«Ներկայում Չինաստանը 276 դիվանագիտական ներկայացուցչություն ունի ամբողջ աշխարհում, ինչը երեքով ավելի է, քան Միացյալ Նահանգներինը»,-գործակալությունը մեջբերում է ամենամյա «Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» (Global Diplomacy Index) տվյալները:
Այդ արդյունքը կարելի է համարել «աշխարհաքաղաքական փոփոխությունների» վկայություն, որոնք պայմանավորված են նախագահ Թրամփի վարչակազմի օրոք բյուջեի կրճատումների եւ դիվանագետների կարիերային անհաջողությունների պատճառով ամերիկյան դիվանագիտության համար «անորոշության ժամանակաշրջանի» գալով, նշում է AFP-ն:
«Գլոբալ դիվանագիտական ինդեքսի» վերջին տվյալների համաձայն, աշխարհում դիվանագիտական առաքելությունների թվով երրորդ տեղում Ֆրանսիան է (161 դեսպանություն եւ 89 գլխավոր հյուպատոսություն): Ռուսաստանը հինգերորդ հորիզոնականում է (144 դեսպանություն եւ 85 գլխավոր հյուպատոսություն):
«Գլոբալ դիվանագիտական ինդեքսը» ազդեցության ցուցիչն է համարվում աշխարհում, սակայն այն չի վկայում արտասահմանում դեսպանությունների աշխատանքի արդյունավետության մասին, ճշտում է AFP-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: