
Էրդողանն անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի և ՆԱՏՕ-ի խնդիրներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից Թուրքիա վերադառնալիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ լուծում կարող է գտնվել թուրք-ամերիկյան հարաբերություններում S-400 համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամում: Լրագրողը միաժամանակ նկատել է տվել, որ օրերս ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ S-400 համակարգերը չպիտի օգտագործվեն և Թուրքիան տեղյակ է այդ մասին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ի պատասխան Էրդողանն ասել է, որ այդ համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի կարող լինել քննարկման առարկա:
«Գործընթացը տևելու է մինչև ապրիլ: Մեր պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները միասին կիրականացնեն այդ աշխատանքները: Պետք է տեսնենք, թե այդ աշխատանքի ավարտին ինչպիսի արդյունքներ կունենանք: Խնդիրը պրն Թրամփի հետ էլ կապված չէ: Սա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց է: Համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի քննարկվում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև նշել է, որ այդ հարցը լուծելու ուղղությամբ քայլեր պիտի արվեն ՆԱՏՕ-ի կանոնադրության շրջանակներում:
«Այդ հարցով աշխատանքներ սկսելու որոշումն այդ օրվա մեր հանդիպման ամենաօգտակար մասն էր: Պրն Թրամփն էլ «Դուք աշխատանքը սկսեք, տեսնենք, թե ինչ արդյունք կլինի» ուղերձը հղեց»,- պատմել է Էրդողանը: