Գիտնականները պարզել են ուղեղի վաղաժամ ծերացման պատճառը
Բոստոնում Հարվարդի բժշկական դպրոցի բժշկական ֆակուլտետի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մոտ նյութափոխանակային (մետաբոլիկ) համախտանիշը կարող է ուղեղի վաղաժամ ծերացում առաջացնել: Հետազոտության արդյունքները հրապարակել է MedicalXpress պորտալը։
Նյութափոխանակային համախտանիշը բնորոշվում է այնպիսի շեղումների ամբողջությամբ, ինչպիսիք են ճարպակալումը, հիպերտոնիան, շաքարի եւ խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ: Հետազոտողները կատարել են 37-ից մինչեւ 55 տարեկան ավելի քան 2100 տղամարդու եւ կնոջ մագնիսառեզոնանսային շերտագրություն: Բացի դրանից, փորձարկվողները կատարել են տրամաբանական մտածողության մի քանի թեստեր: Հետազոտության արդյունքների համաձայն՝ նյութափոխանակային համախտանիշով մարդկանց ուղեղի ծավալը եղել է ավելի փոքր, քան լիովին առողջներինը: Ինչպես նշում են բժիշկները, այդ մարդկանց մոտ, որպես կանոն, բարձր է շաքարախտի, դեմենցիայի եւ Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը:
Նյութափոխանակային համախտանիշի կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տվել հետեւել սննդակարգի, որը ներառում է ձուկ, մրգեր, բանջարեղեն եւ ամբողջահատիկ մթերքներ: Նաեւ ուղեղի աշխատանքը բարելավում են կանոնավոր եւ չափավոր ինտենսիվ ֆիզիկական բեռնվածությունները, նշում են մասնագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: