
Հռոմում վերանվանել են ֆաշիստների հանցակիցների անունները կրող փողոցները

Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները նոյեմբերի 21-ին վերանվանել են գիտնականներ Արտուրո Դոնաջոյի եւ Էդոարդո Ձավատարիի անունները կրող փողոցներն ու հրապարակը, որոնք իրենց արատավորել են ֆաշիստների հետ համագործակցությամբ: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը:
«Տեղանվանական զտում» անցկացնելու եւ մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակները վերանվանելու մտադրության մասին Հռոմի քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին հայտարարել էր դեռ անցյալ տարվա վերջին:
Ինչպես նշում է ANSA-ն, 1938 թվականին ակադեմիկոսներ Դոնաջոն եւ Ձավատարին եղել են գիտության այն գործիչների թվում, որոնք պաշտպանել են դիկտատոր Բենիտո Մուսոլինիի ռասիստական օրենքները: Այժմ փողոցներին տվել են բժիշկ Մարիո Կարարայի եւ կենդանաբան Էնրիկի Կալաբրեզիի անուները, իսկ հրապարակին, որն ավելի վաղ նույնպես կոչվել էր Դոնաջոյի պատվին, տրվել է ֆիզիկոս Նելլի Մորտարայի անունը: Նրանք բոլորն էլ հանդես էին գալիս հակահրեական օրենքների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: