«Նոբելյան մրցանակ պետք է տալ Սերժ Սարգսյանին, և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանին». Գևորգ Գևորգյան
Հայաստանի վարչապետը 1.5 տարի շարունակ խոսում է խաղաղասիրության մասին, ասում է, որ Ադրբեջանին ունի այնպիսի առաջարկ, որն իրենից բացի՝ որևէ մեկը չի արել, բայց չէ՞ որ խաղաղասիրությունից խոսելուց առաջ նախ պետք է հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման հետ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Մեր երկրի ղեկավարն անընդհատ փորձում է սեղանի շուրջ բերել Ադրբեջանի նախագահին, սակայն մեզ համար անհասկանալի է, թե ինչ պետք է խոսի նա Ալիևի հետ, որ վերջինս հրաժարվի Սևանում լողալու և Երևան հասնելու իր երազանքից»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանը չունի որևէ ռազմավարություն, ավելին՝ իր քայլերով թուլացնում է պետականության հիմքերը։
«Իր այդ թիմը կամ Փաշինյանը ե՞րբ են առաջին անգամ ոտք դրել Արցախ։ Իրենք գիտե՞ն արդյոք, որ իրենց ասած՝ այդ հին Հայաստանում եղել է ազատամարտ, մարդիկ արյունով են հողն ազատագրել այն թշնամուց, որը երազել է մշտապես հային բնաջնջել։ Հիմա ի՞նչ նոր ռազմավարության մասին են խոսում, իրենց թիմն արդյո՞ք գիտի՝ ինչ է Արցախյան ազատամարտը կամ մարտական գործողությունը»,- ասաց Գևորգյանը։
Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան լայվերի ժամանակ նշել է, որ իրենց նպատակն է՝ փնտրել և գտնել լուծումներ՝ չբացելով փակագծեր, Գևորգյանը նկատեց. «Դե որտեղի՞ց փակագիծ բացի. Փաշինյանը սպասում է՝ Ադրբեջանն առաջարկի»։
Հարցին՝ որպես զինվորական՝ ի՞նչ է հասկանում, երբ լսում է վարչապետի՝ «Արցախի հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել, անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռք՝ դրան վերջ տալու և տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար» միտքը, Գևորգ Գևորգյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանի ամուր ձեռքը ես չեմ տեսել նրա ամբողջ կյանքի պատմության ընթացքում, իսկ թանաքը… ինքը սովոր է գրելուն, երևի դա է»։
Գ. Գևորգյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը գնում է պետականության հիմքերի թուլացման՝ այդ համատեքստում վարկաբեկելով հերոսներին, արժեզրկելով ազգայինը, իսկ իշխանության կողմից որևէ իրականացվող քայլ կապ չունի սիրո և հանդուրժողականության հետ։
«Սա սեր չէ, թեև նա իրեն համարում է մեր փրկիչը, համարում է, որ մեզ փրկել է նախկիններից, ասում է, թե սիրո հեղափոխություն է արել՝ մոռանալով, որ իր առաջին բառը եղել է՝ «մերժել»: Իսկ հարց չի՞ առաջանում, թե մերժելով՝ էդ ե՞րբ են սիրել»։
Գևորգ Գևորգյան խոսքով՝ անվտանգության խնդիր ունենք՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ Արցախում, որտեղ մտահոգություններ են հնչում առ այն, թե այս ամենի վերջն ինչ է լինելու։
«Արցախում կան մարդիկ, որոնք դեռ փորձում են հավատալ, որ ներկայիս իշխանությունն ինչ-որ բան է անելու իրավիճակը լավացնելու համար։ ՀՀ իշխանությունների խաղաղասիրական կոչերն անհանգստացնում են նրանց, որովհետև իրենք իրենց մաշկի վրա են զգացել ադրբեջանցուն»։
Գևորգ Գևորգյանը չի կիսում նաև իշխանության՝ հների և նորերի բաժանելու քաղաքականությունը, որը հեղափոխությունից 1.5 տարի անց շարունակում է իշխող մնալ և ունի միտում՝ հասնելու Արցախ։
«Երբ նա խոսում է հներից… ախր ամենահինը Փաշինյանն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի դաստիարակությամբ և հոգևոր կրթությամբ»,- ասաց նա։
Ռազմական-քաղաքական գործիչն անդրադարձավ նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթին՝ այն համարելով հասարակությանն ուղղված կարևոր մեսիջ։
«Սա մի մարդու ելույթ էր, որը գիտակցում է երկրի անվտանգության խնդիրը, իրական պետական մտածողությամբ էր խոսում և այդ պատասխանատվությունը տարիներ շարունակ տարել է մինչև վերջ։ Անգամ Փաշինյանի կողմնակիցները չեն հերքում, որ Սերժ Սարգսյանը պետականության մասին մտածող մարդու քայլ արեց, երբ առանց արյունահեղության կարողացավ հրաժարական տալ։ Երբ խոսում են Նոբելյան մրցանակի մասին, թե իբր այն պետք է տան Նիկոլ Փաշինյանին, ես կարծում եմ, որ, եթե նման մրցանակի խնդիր կա, ապա այն պետք է տալ Սերժ Սարգսյանին»,- ասաց Գ. Գևորգյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ