Պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք.Նիկոլ Փաշինյանը այցելեց Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:
Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը: Այնտեղ ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
Նրանք Փաշինյանին ներկայացրեցին եկեղեցու և վարժարանի ստեղծման պատմությունը, ինչպես նաև Հռոմում հայ համայնքի ներկայիս խնդիրները:
Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը նշեց, որ հայերի ներկայությունը Հռոմում երկար պատմություն ունի:
«150 տարվա պատմություն ունեցող Լևոնյան վարժարանում կրթվել են հայ հոգևորականների բազմաթիվ սերունդներ, ովքեր հայ ժողովրդին ծառայել են որպես հովիվներ և մտավորականներ՝ անգամ արյուն տալով պահպանելու և պաշտպանելու համար հավատը, լեզուն և ազգային արժեքները: Արտաքին և ներքին հակառակորդները փորձում էին հարվածել այս ամրոցին, սակայն այն շարունակում է հավատարիմ մնալ իր հայանպաստ առաքելությանը»,- շեշտեց Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր առանձնահատկություն, այն է`ճանաչել ինքներս մեր պատմությունը:
«Այդ այցելությունների ընթացքում ոչ միայն ճանաչում և իմանում ենք այդ երկրների մասին, այլև ինքներս մեզ, մեր պատմությունը: Ընդհանրապես, երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, ինքնության պահպանման և զարգացման մասին, այդ ճանապարհին կա շատ կարևոր բանաձև: Որպես ժողովուրդ մենք պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորն իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին, և մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու ու անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է»,- ընդգծեց Փաշինյանը: