Բաժիններ՝

«Հակված չեմ բեմադրված լինելու տարբերակին, քանի որ Նիկոլ Փաշինյանի պատասխանները բավականին հստակ չէին». Կարեն Վրթանեսյան

Նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես, ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձը հայտարարել է, որ հարց ունի Հայաստանի վարչապետին:

Մինչ անվտանգությունը փորձել է դուրս հրավիրել ադրբեջանցուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել թույլ տալ հնչեցնել հարցը:

«Դադարեցրեք պատերազմը, մեզ պատերազմ պետք չէ: Ազատեք մեր հողը, որպեսզի ես կարողանամ տեսնել մեր Խոջալուն, մեր Շուշին»,- ասել է նա՝ բարձրացնելով նաև Արցախում դատապարտված ադրբեջանցի ահաբեկիչների ազատման հարցը:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձն իրականում առնվազն 2010-2011 թվականներից ներգրավված է եղել Ադրբեջանի ուժային կառույցների կողմից իրականացված գործողություններին՝ մասնակցելով ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ բռնության գործադրումներին:

«2011 թ. այդ անձը հայտարարել է, որ ինքը ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ է, ինչը հաստատել են նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից: Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ նշված անձը նախկինում ազատազրկված քրեական հանցագործ է եղել: Աթա Աբդուլլաևն այս տարվա ընթացքում քանիցս նկատվել է եվրոպական տարբեր երկրներում՝ Ադրբեջանի նախագահի և վերջինիս ընտանիքի էժանագին քարոզն իրականացնելիս, ինչը քննադատել են նաև ադրբեջանական մի շարք կայքեր, սոցցանցային տիրույթում ադրբեջանցի օգտատերեր: Ինչ վերաբերում է Միլանում նրա գործողություններին, անկախ նրանից՝ դա կազմակերպվա՞ծ էր, թե՞ ուղղակի ուղղորդված ադրբեջանական համապատասխան մարմինների կողմից, այն, ըստ էության, չստացված սադրանք էր: Եթե ուշադրություն դարձնենք ադրբեջանական մամուլի անդրադարձներին, ապա ցանկացած դեպքում տեսանյութը շրջանառելիս առավելապես տարածվում են ՀՀ վարչապետի պատասխանները: Ես այստեղ մեզ համար վտանգավոր որևէ բան չեմ տեսնում»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ անվտանգության պահպանման խնդիրների մասով հավելելով, որ տեսանյութից դատելով՝ դրա վերաբերյալ հիմնավոր եզրակացություն հնարավոր չէ անել:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ 168.am-ին ասաց, որ տեսանյութից երևում է, որ մի պահ անգամ վարչապետի խոսնակն է ադրբեջանցու ձեռքից բռնում, ինչը վկայում է, որ լուրջ միջադեպ է եղել, որը վարչապետի անձնական անվտանգության համակարգի լուրջ թերացման մասին է խոսում:

«Եթե հայկական կողմից ինչ-որ պաշտոնական պարզաբանումներ, պաշտոնազրկումներ չլինեն, իհարկե, այս դեպքում իրավունք ունի գոյություն ունենալ «դավադրապաշտական» վարկածը, որ սա նախօրոք պայմանավորված և բեմադրված էր: Մյուս կողմից՝ հակված չեմ բեմադրված լինելու տարբերակին այն պատճառով, քանի որ Նիկոլ Փաշինյանի պատասխանները բավականին հստակ չէին, տպավորություն էր, թե ինքն էլ է հանկարծակիի եկել»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Իտալիայում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն անհասկանալի ադրբեջանցու մուտքն ու վարքագիծը երկրի առաջին դեմքի անվտանգության տեսանկյունից լրջագույն հարցերի տեղիք է տալիս»

«Տեղի ունեցածի համար պետք է շատ հստակ պատասխանատվություն կրողներ լինեն, արվեն կոնկրետ հետևություններ ու գործողություններ»,- պնդել է նա:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Միլանում տեղի ունեցածը՝ նշել է, որ անվտանգության առումով որևէ խնդիր չկա այս ամենում, և, որ վարչապետի անվտանգության աշխատակիցների թերացում բացարձակապես չի տեսնում սրանում:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս