«Հերոսի կոչումը պալատական որոշումներով չի տրվում՝ այն բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, իսկ կնիքը դնում է ժամանակը». Գագիկ Գինոսյանը՝ Ազգալդյանի մասին

Արցախի հերոս, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զինվորներից մեկի՝ «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ Լեոնիդ Ազգալդյանը հավատում էր հայ մարդուն և պատերազմի ցանկացած պահին իր զինվորի կողքին էր։

«Նա այն եզակի հրամանատարներից էր, որը միշտ խրամատում էր, հարկ եղած դեպքում՝ փոխարինում զինվորներին։ Նա Արցախի պատերազմին ու ազատագրմանը զինվորագրված կամավոր զինվոր էր, ասում էր՝ ինքը գեներալ չէ, այլ կապրալ, նա և՛ գեներալ էր, և՛ կապրալ։ Մեր բանակում ծխելն ու խմելը խստիվ արգելել էր, նրա այդ գիտակցական կարգապահությունն էր, որ կառուցեց այն հզոր կազմավորումը, որը իրականում հանդիսացավ հայոց բանակի հիմքը։ Դրա առաջին գաղափարն այն էր, որ բոլոր հաղթանակները կհավասարվեին զրոյի,  եթե այդ ամենի հիմքում կանոնավոր բանակը չլիներ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Գինոսյանը։

Ըստ նրա՝ Լեոնիդ Ազգալդյանն առաջինն էր, որը բարձրաձայնեց՝ Արցախի վերամիավորման համար պետք է օր առաջ ազատագրվի Քարվաճառը, ինչն իրականություն դարձավ նրա զոհվելուց հետո։

«Նա տարբեր առումներով մարգարեաբար առաջինն էր, որը, ցավոք, այսօր մեր երկրում արժևորված չէ, նրան հերոսի կոչում շնորհելու հարցն անընդhատ բարձրաձայնում ենք, նաև՝ բարձրաձայնում, որ պալատական որոշումներով չի տրվում հերոսի կոչումը, այլ այդ կոչումը բոլոր ժամանակներում տալիս է ժողովուրդը, որի կնիքը դնում է ժամանակը»,- ընդգծեց Գագիկ Գինոսյանը։

Լեոնիդ Ազգալդյանի հետ կապված՝ Գագիկ Գինոսյանը  բազմաթիվ հետաքրքիր հիշողություններ ունի.

«Տղաների հետ Ազգալդյանը ճախրող արծիվներ են տեսնում, մեքենան կանգնեցնում են, իջնում, որպեսզի նայեն։ Տղաներից մեկը փորձել է կրակել արծվի վրա, սակայն Ազգալդյանն իջեցրել է նրա ավտոմատը և ասել, որ երբեք որևէ մեկի ճախրանքը չընդհատեն և միշտ հիշեն, որ արծիվը հայոց զինանշանի թռչունն է։

Մի անգամ նա քնած զինվոր է տեսել, նրան արթնացրել է, ուղարկել զորամաս քնելու, իսկ ինքը փոխարինել է նրան։ Սա մի քայլ է, որն այսօր շատ քիչ հրամանատարներ կարող են անել։ Տարբեր դրվագներ կան կապված Ազգալդյանի հետ, նա մեծ մարդասեր էր, միշտ ասում էր՝ եթե անզեն մարդ տեսնեք, երբեք չկրակեք, թողեք հեռանա, կռվի դաշտում միշտ զինվորի կողքին էր, սա է պատճառը, որ նրա զինվորներից շատ քիչ մարդ է զոհվել պատերազմի ժամանակ»:

Նշենք, որ այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։ Արցախյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. դարձել է «Անկախության բանակի» հրամանատարը, կազմակերպել է մի շարք շրջանների, մասնավորապես՝ Վարդենիսի ինքնապաշտպանությունը։

Այս տարվա ապրիլին սկսվել էր ստորագրահավաք Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ Իսկ օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-ամյակի կապակցությամբ նրան հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս