«Ալրաղացի Լյովիկը» մեղադրվում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ

ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, նույն ինքը՝ «Ալրաղացի Լյովիկը», ում հայտնաբերել են Մոսկվայում, մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Հիշեցնենք, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։
2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը` չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերի նշագրումներով: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները:

Տեսանյութեր

Լրահոս