«ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում». Միլոշ Զեման
ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։ Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ չեղյալ է հայտարարել գաղտնի պատրաստվող հանդիպումը «Թալիբանի» հանգուցային պարագլուխների եւ առանձին Աֆղանստանի նախագահի հետ Քեմպ Դեւիդում:
«ՆԱՏՕ-ն պետք է ակտիվորեն պայքարի միջազգային ահաբեկչության դեմ, այլ ոչ թե նրա համար դիրքեր ազատի, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Աֆղանստանում: Այնտեղ բանակցությունները դադարեցվեցին, եւ ոչ ոք չի երաշխավորում, որ ապագայում դրանք կվերսկսվեն»,- ասել է Զեմանը TV Barrandov-ի եթերում: Չեխիայի նախագահի կարծիքով՝ նման իրավիճակում «Թալիբանը» բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի լիովին իր վերահսկողության տակ վերցնի Աֆղանստանը եւ դրանից ստեղծի նոր միջազգային ահաբեկչական կենտրոն, որը կֆինանսավորվի թմրանյութերի վաճառքից ստացվող միջոցներով: «Ցավոք, ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում է, որպեսզի հեռանա իր վերջին գործողության վայրից՝ Աֆղանստանից: Եվ դա ես կապիտուլյացիա եւ վախկոտություն եմ համարում ու այդ մասին ասում եմ բարձրաձայն»,- ընդգծել է Չեխիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: