Բյուջետային պոպուլիզմ

Քաղաքական առօրյան շարունակում է մնալ գերհագեցած, իսկ իրադարձություններն ու դեպքերի հաջորդականությունը գերհագեցնում են ընդհանուր քաղաքական օրակարգը։ Ահա այս քաղաքական բուռն աժիոտաժի մթնոլորտում կարծես թե ստվերում մնաց երկրի թիվ մեկ քաղաքական փաստաթղթի քննարկումը, որը տեղի ունեցավ խորհրդարանում անցնող շաբաթվա ընթացքում։

Այն փաստը, որ տնտեսական կարևորագույն իրադարձությունը խորհրդարանում տեղի ունեցած բյուջետային քննարկումներն էին, որոնք կազմակերպվեցին ԱԺ գլխադասային հանձնաժողովներում՝ անվիճելի է, սակայն, հանուն արդարության, պետք է ասել, որ բյուջեի քննարկումը քաղաքական իշխանության կողմից մի տեսակ անտեսվեց՝ մղվեց երկրորդ պլան։ Այդ անտեսման հիմնական մեղավորներից մեկը հենց իշխող մեծամասնությունն էր, քանի որ քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները կամ բացակայում էին, կամ ուղղակի նախապես մշակած և նախատեսված մի քանի «հերթապահ» հարցեր էին տալիս։ Այստեղ առանձնահատուկ էր այն, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետ և բյուջեի հիմնական պատասխանատուն, նախ նախագիծը ներկայացրեց մի քանի բառով, ապա շատ շտապ հեռացավ խորհրդարանից։

Շատերը հավանաբար հիշում են, թե ինչպես էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ հիպերակտիվ կերպով մասնակցում բյուջետային քննարկումներին և, քարը քարին չթողնելով, թիրախավորված ներկայացնում իշխանության «բացթողումները», սակայն այսօր ոչ միայն վարչապետ Փաշինյանը, այլև իր պառլամենտական թիմը երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթղթին մակերեսորեն վերաբերվեցին։ Ըստ էության՝ կառավարությունն իր նմանօրինակ վարքագծով ցույց տվեց, որ, ինչպես այս, այնպես էլ՝ նախորդ տարվա ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձրել պետբյուջեով հաստատված ցուցանիշների վրա, և բյուջեն ներկայացնում են՝ որպես զուտ պարտականություն։

Այն, ինչին ականատես եղանք նախօրեին ԱԺ-ում, դասական սոցիալ-պոպուլիզմ էր, որը փայլուն կերպով մատուցվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բյուջետային քննարկումն ավելի շատ հիշեցնում էր բաժակաճառ, քան պետության ղեկավարի պետբյուջեի քննարկման ժամանակ արված հայտարարություն։ Բյուջեն «բարի ցանկությունների» ու «քաղցր կենացների» ժողովածու չէ, որպեսզի հերթական դեմագոգիկ արտահայտություններով ամեն մի թիվն ու «ձեռքբերումը» հանրությանը մատուցես սեփական քաղաքական քիմքին հաճելի սոուսով։

Իր խոսքում Փաշինյանը մի քանի անգամ օգտագործեց «աննախադեպ բյուջե» ձևակերպումը, ինչը ոչ միայն՝ անհասկանալի, այլև՝ ակնհայտ ամբոխավարական ձևակերպում է, ինչի մասին, ի դեպ, մի քանի պատգամավորներ բարձրաձայնեցին խորհրդարանում քննարկումների ժամանակ։

Հատկանշական է փաստել, որ այս ամենի հետ մեկտեղ՝ Փաշինյանի կառավարությունն ավելացրել է արտաքին պետական պարտքը։ Հավելենք, որ խոսքն այն նույն Նիկոլ Փաշինյանի մասին է, ով իր պատգամավորական գործունեության ժամանակ դեմ է քվեարկել գրեթե բոլոր վարկային համաձայնագրերին և ԱԺ ամբիոնից անընդհատ հայտարարում էր, որ «անթույլատրելի է ավելացնել արտաքին պարտքը, քանի որ հնարավոր չէ վերահսկել և կառավարել այդ վարկերը»։

Այստեղ անդրադառնանք մի կարևոր հանգամանքի, ինչի մասին տարբեր առիթներով շատ է խոսվել․ խոսքն անհասկանալի կոռուպցիոն սխեմաների կիրառումների մասին է, որն այսօր էլ իրականացվում է տենդերների և մրցույթների անցկացման ընթացքում։ Քանիցս նշվել է այն մասին, որ հատկապես մարզերում իրականացվող ճանապարհաշինական ընկերություններն իշխանության ներկայացուցիչների հետ համաձայնեցված որոշակի կեղծ գործարքների են գնում։

Մասնավորապես՝ վերջերս անդրադարձ եղավ այն փաստին, որ իրականացվող ասֆալտապատման մրցույթները նախ անցկացվում են առանց մրցույթի, իսկ ընկերություններից մեկին էլ թույլատրվել է իրականացնել նախատեսվող ասֆալտապատման աշխատանքի 80 կիլոմետրանոց հատվածը։

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք լուրջ ֆինանսական ռիսկերի հետ։

Հավելենք նաև մի կարևոր փաստ․ նախորդ տարվա բյուջեի փաստաթղթի ծախսային հատվածից պարզ է դառնում, որ այդ հատվածում ակնհայտ թերակատարում է եղել, այսինքն՝ իշխանությունները նախատեսված գումարից քիչ են ծախսել, կամ ավելի քիչ ծրագիր են իրականացրել։ Պետբյուջեով նախատեսված ծախսային հատվածում տիրում է «բարդակ», ինչի արդյունքում իշխանությունները դիմել էին մի յուրահատուկ խորամանկության։

Ըստ այդմ՝ որպեսզի հանրությանը ցույց տան, թե ինչքան «պուպուշն» ու «ժողովրդական» է «թավշյա» կառավարությունը, իշխանությունները ծախսային մասով նախատեսված հիմնական գումարներն ուղղորդել էին ճանապարհաշինության և ասֆալտապատման ուղղությամբ, իսկ մնացած ենթակառուցվածքներում գրեթե ոչ մի էական տեղաշարժ չի գրանցվել (դպրոցաշինություն, մանկապարտեզների վերանորոգում, համայնքային այլ ծառայություններ մատուցող հիմնարկներին հատկացվող դրամական միջոցներ և այլն)։

Սա արվում է հանրության մոտ հերթական աչքկապոցին ապահովելու և «հռոմեական գլադիատորական տեսարանն» ապահովելու համար, քանի որ, ինչպես հիշում ենք, Հին Հռոմում կայսրերը, որպեսզի ժողովրդին կտրեն երկրում տիրող իրական պատկերից, նրանց համար հատուկ կազմակերպում էին գլադիատորական մարտեր։

Բանն այն է, որ այսքան խոսելով ու հպարտանալով իրենց արած ասֆալտով՝ Փաշինյանն ու ոլորտի պատասխանատուները մարդկանց աչքին թոզ են փչում, չէ՞ որ ասֆալտն ամենատեսանելի աշխատանքն է, որն աչքի է զարնում առաջին իսկ հայացքից. այս փաստը հաշվի առնելով էլ՝ ողջ տարվա ընթացքում փաշինյանական «կորպուսը» լծվել էր ասֆալտի «փռման» գործին, որպեսզի հաշվետվության ժամանակ հպարտանալու առիթ ու հարթակ ունենան։ Պոպուլիզմի դրսևորման ձևերի վրա մեծապես ազդում են վարչական առանձնահատկությունները, կուսակցական և ընտրական համակարգերը՝ թույլ տալով կամ թույլ չտալով պոպուլիստ առաջնորդներին զբաղվել քաղաքական կարիերայով։

Քիչ կարևոր դեր չեն խաղում քաղաքական մշակույթի տարբեր սովորույթները, որոնց շարքում որոշները նպաստում են պոպուլիստական վարքագծին, իսկ մյուսները՝ խանգարում են դրանց, և, իհարկե, այստեղ նույնպես աշխատում է, այսպես կոչված, «Թոմասի թեորեմը».

«Եթե մարդիկ իրավիճակը սահմանում են՝ որպես իրական, և գործում են՝ ելնելով այդ իրավիճակից, ապա իրենց գործողությունների հետևանքներն իրական կլինեն՝ անկախ նրանից, որքան անիրական կարող է լինել իրավիճակից կախված որոշումը»։ Բայց սա նշանակում է, որ պոպուլիզմը կարող է նաև առաջանալ՝ հիմնվելով զուտ երևակայական ներկայացուցչական բացերի վրա։ Այսպիսով, կախված տարբեր հասարակություններում հանրային կարծիքի դինամիկայից՝ այն կարող է լինել ավելի բազմազան։

Արմեն Հովասափյան

 

Տեսանյութեր

Լրահոս