Բաժիններ՝

Կոռուպցիայից ավելի սատանիստական բան չեմ պատկերացնում. վարչապետը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ չի ընկալում աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ» ներկայացման մասին հնչող այն որակումները, թե այն սատանիստական է: Վարչապետի համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը և ինչին կարելի է տալ այդ որակումը: Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր  Արթուր Մանուկյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց աղմուկ բարձրացրած «Հուզանք և զանգ»  ներկայացման մասին, որի վրա ծախսվել է 2.7 մլն դրամ, նա հիշեց, որ հնչել են տարբեր որակումներ, այդ թվում, թե սատանիստական ներկայացում է եղել, նա հետաքրքրվեց, թե արդյոք արդարացված է ֆինանսավորումը:

«Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը Հայաստանում: Եվ գրանտային ծրագրեր են իրականացվել, և նշված ներկայացումը 22 ծրագրերից մեկն է: Եվ հիմա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրա, այլ վիզուալ, թե ինչ տեսարան է ունենալու: Արվեստը հենց նրանով է արվեստ, որ այն միշտ չէ միանշանակ»,-ասաց վարչապետը:

Նա հիշեց, որ ժամանակին Փարաջանովի գործերի համար ֆինանսավորումը ևս միանշանակ չէր ընկալվել: Անդրադառնալով որակումներին, թե ներկայացումը սատանիստական է՝ Փաշինյանը նշեց՝ ինքը շատ լավ գիտի Աստվածաշունչը, իր համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը:

«Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք: Քաղաքական գործունեության մեջ հայտնի մարդիկ կան, որ նայում ես հայացքին ու խոսելուն, կարող է լինել այնպիսի մեկնաբանություն, որ նրանք ոգեշնչվում են սատանայից: Կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես լավ չեմ պատկերացնում: Սեփական զինվորին և ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Եվ այդ շրջանակներում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել, և հիմա, ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, գդալն ու ուտելու գործընթացը չկա և նրանք դրանից զրկվել են»,-ասաց Փաշինյանը: 

Նա նշեց՝ Հայաստանում գնում է պայքար՝ սակավագիտության և լայնամտության միջև: Նա հիշեց՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մեկն, ով ասել է, որ Երկրագունդը կլոր է, վառել են նրան: «Հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում, և լավ են անում: Սակայն դա չի նշանակում, որ մենք գերաններն ու լուցկին պետք է տանք նրանց ձեռքը, ասենք՝ ընտրեք, ում ուզում եք վառեք, վառեք»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ վարչապետը նշեց, որ պետք է պարզել վիճակագրությունը, թե այն ժամանակներում, երբ կոռուպցիան Հայաստանում թևածում էր աննախադեպ մասշտաբների, այդ նույն մարդիկ քանի հոգու հրաժարական են պահանջել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս