«Լավրովի հայտարարությունը շատ մեծ նորություն չէր». Միքայել Զոլյան

Նոյեմբերի 10-11-ը Հայաստանում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱԳ նախարարի և վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, իսկ դրանք առանցքում Արցախի բանակցային գործընթացի հետ կապված հարցերն էին: Խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության՝ անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն՝ հիմնախնդրի հետ կապված:

Արցախի հարցի լուծման հետ կապված Լավրովի հայտարարություններին արձագանքեցին մի շարք վերլուծաբաններ, նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել էր Լավրովի նախկինում արած հայտարարությունները:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն անդրադառնալով Լավրովի հայտարարություններին՝ նշեց, որ վերջինս վիճելի բան չի ասել:

«Նա հստակ ասել է, որ ընդունելի է Հայաստանի  տեսակետը, և այն, ինչ հայտարարվել էր վարչապետի կողմից, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա ակնհայտ ճշմարտություն է, որի հետ դժվար է վիճել, ինչպես ընդունեց պարոն Լավրովը: Այստեղ նաև կարևոր պահ կա, որ Լավրովը չվիճարկեց Արցախի առանձին սուբյեկտ լինելու հարցը: Կարծում եմ՝ սա է նաև պատճառը, որ Ադրբեջանում նման խուճապահար արձագանք է ստացել: Կարծում եմ՝ Արցախի հարցին ծանոթ ցանկացած անձ պետք էր այս ամենը հասկանար ու ընդուներ, և այս առումով Լավրովի հայտարարությունը շատ մեծ նորություն չէր»,- նշեց Միքայել Զոլյանը:

Անդրադառնալով վարչապետի տեսակետին, որ Արցախի հարցի ուծման տարբերակն այնպիսին պետք է լինի, որը կընդունվի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից, և հարցին՝ կա՞ նման տարբերակ, Միքայել Զոլյանը պատասխանեց, որ, եթե այդ տարբերակն ունենար, գուցե Նոբելյան մրցանակի արժանանար:

Հարցին՝ տեսանելի չէ՞ այդ տարբերակը, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այստեղ մեթոդական սխալ կա հարցի դրվածքի մեջ, քանի որ, եթե այսօր մեկը կա, որը հստակ կարող է նկարագրել, թե որն է այդ տարբերակը, ապա այդ մարդը կստանա Նոբելյան մրցանակ, որից հետո կոնֆլիկտը կլուծենք ու կանցնենք այլ հարցերի քննարկման: Յուրաքանչյուր կողմ ունի իր դիրքորոշումը, մենք ունենք մեր տեսակետը, որն ըստ էության Արցախի հետ նույնական է, և պարզ է, որ կան որոշակի նրբություններ, և մենք չենք կարող Արցախի փոխարեն խոսել: Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ տարբերակ կընտրվի, կարևորն այդ տարբերակի ձևավորման մեթոդաբանությունն է, և դա մենք պետք է ձևավորենք: Այստեղ առաջին քայլն այն է, որ մենք դադարեցնենք այն թշնամական մթնոլորտը, որն այսօր գոյություն ունի: Այն, ինչ այսօր մենք ունենք հակամարտության գոտում, իհարկե, միջադեպերն այսօր քիչ են, բայց կան, Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանությունը, երբ այս ամենը վերացվի, դա կլինի առաջին քայլը: Իսկ երկրորդ քայլը կլինի հասարակությունների միջև երկխոսությունը, որի ընթացքում էլ կծնվի այն տարբերակը, որն ընդունելի կլինի բոլորի համար: Բայց պարզ է, որ այդ ամենը ո՛չ այսօր տեղի կունենա, ո՛չ մեկ տարի հետո, ո՛չ էլ հինգ տարի հետո»,- շեշտեց նա:

Հաջորդ հարցին՝ իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանն իր թշնամանքը կմեղմացնի, Միքայել Զոլյանը պատասխանեց, որ իրատեսական չէր, որ Հայաստանում հեղափոխություն կլինի.

«Մենք ասում ենք այն, ինչը ճիշտ ենք համարում, եթե Ադրբեջանի իշխանությունները կարող են իմ նշած ճանապարհով գնալ՝ լավ է, եթե պատրաստ չեն՝ մենք պատրաստ ենք մյուս բոլոր զարգացումներին, որի մասին բազմիցս ասվել է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս