Ինչպես դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն

Քաղաքական իրականության մեջ առանցքային տեղ է հատկացվում և կարևոր բաղադրիչ է բարոյականությունն ու սեփական սկզբունքներին հավատարիմ լինելը։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, նախ և առաջ, պետք է հետհայացք գցի իր անցած քաղաքական ուղուն և հաշվի առնի այն քաղաքական կուրսն ու թիմային գաղափարը, որի անդամը եղել է ժամանակին։

ՀՀ-ում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո քանիցս ականատես ենք եղել, թե ինչպես են շատ արագ ճամբարափոխ լինեում և սեփական քաղաքական սկզբունքն ու գաղափարները դավաճանում տարբեր քաղաքական գործիչներ (հավելենք, որ դրանց պակասը, ցավոք, հայրենի քաղաքական դաշտը չունի)։

Ինչպես հայտնի է՝ 2020-ի ապրիլին լուրջ վերադասավորումներ են սպասվում Արցախի քաղաքական ներկապնակում․ ապրիլի 1-ին սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։

Արդեն հայտնի են նախագահական ընտրություններին իրենց մասնակցությունը ներկայացրած որոշ թեկնածուների անունները, որոնց թվում է նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից անմիջապես հետո բավական ակտիվ կերպով սկսել է շողոքորթել հայաստանյան իշխանություններին։ Իր հարցազրույցներում Հարությունյանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ սատարում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և Փաշինյանի թիմակիցներից ավելի ակտիվ զբաղվում է նրա քաղաքական PR-ով։ Միանշանակ է, որ Հարությունյանն ունի իր հաշվարկներն ու քաղաքական իր շահը, սակայն այն քծնողական քաղաքականությունն ու հռետորաբանությունը, որ նա օգտագործում է Փաշինյանի ռեժիմի գովաբանման գործում՝ ընդամենը խոսում է, ինչպես ասում են՝ «պադխալիմաժության» մասին։  Այն, ինչը գիտակցում է նաև շարքային արցախցին։

Միաժամանակ փաստենք, որ Փաշինյանը, իր հերթին, Արցախի իշխանությունների հարցում ունի իր սեփական «ռասկլադը» և ուշի ուշով հետևում է ընթացող գործընթացներին։ Արցախի գործող իշխանությունների հանդեպ Փաշինյանն առանձին համակրանք չունի և քանիցս իր խոսափողների միջոցով տարբեր ակնարկներ է արել՝ այս կամ այն իրադարձության կամ հայտարարության հետ կապված։ ՀՀ իշխանությունների ակնհայտ հակաարցախյան դիրքորոշումն ընդգծվեց հատկապես այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես եկան Արցախի երկու՝ նախկին ու ներկա նախագահները։ Ի դեպ՝ բոլորս ենք հիշում, երբ Քոչարյանին ազատ արձակելուց հետո մի խումբ անհասկանալի ծագմամբ երիտասարդներ հրապարակավ հայտարարում էին, թե «պատրաստ են ջարդել անգամ Բակո Սահակյանի գլուխը», իսկ ՀՀ իշխանությունների կողմից ոչ մի համապատասխան հայտարարություն, քայլ դրան չհետևեց։

Օրերս հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հարությունյանն ու Փաշինյանը խոսել են տնտեսական հարցերի, Արցախին Հայաստանի տրամադրած միջպետական վարկի և այլ հարցերի մասին: Ստեփանակերտում դա ներկայացվել է՝ որպես Փաշինյանի «օրհնությունը» Արայիկ Հարությունյանին: Իսկ արդեն նախօրեին տրված իր ասուլիսում նա նշել է․ «Բոլոր այն ուժերը, որոնք այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դրանք պարտվողական, դավադիր ուժեր են»: Հատկանշական է այն փաստը, որ Արայիկ Հարությունյանը 2007-2017թթ․ եղել է Արցախի Հանրապետության վարչապետ, իսկ 2018-ին՝ պետնախարար։ Ասել է թե՝ Հարությունյանը մի գործիչ է, ով իր ողջ իշխանության ընթացքում համագործակցել է «բռնապետական ռեժիմի» ներկայացուցիչների հետ, մի ռեժիմի, որը, ինչպես սիրում է բնորոշել Հարությունյանի համար հեղափոխությունից հետո սիրելի դարձած Նիկոլը՝ «20 տարի կեղեքել ու թալանել է ողջ հայ ազգին»։ Իր գործունեության ընթացքում նախորդ իշխանության հետ բավականին ջերմ համագործակցած մարդն այսօր խոսում է ինչ-որ «դավադրությունների» մասին։ Ակնհայտ է՝ Հարությունյանը՝ բանականությունն ու ռացիոնալությունը կորցրած, փաստացի քծնում է Փաշինյանին միայն նրա համար, որ նա Արցախում սպասվող առաջիկա ընտրություններին աջակցի իրեն։ Ի դեպ, տեղին է ընդգծել, որ, ըստ օդում կախված լուրերի, Փաշինյանի համակրանքը վայելում է բոլորովին այլ թեկնածու, որի մասին ՀՀ իշխանական շրջանակը տևական ժամանակ «թրոլինգ» է անցկացնում․ խոսքն Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի մասին է։ Այնպես որ, չի բացառվում, որ, չնայած այն բանին, որ Փաշինյանը ջերմ ու դրական է վերաբերվում Արայիկ Հարությունյանին, հանդիպումներ է ունենում նրա ու նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ, վերջին պահին նրան ուղղակի «քցի»։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանն ասուլիսի ընթացքում ևս մի սկանդալային հայտարարություն է արել՝ կապված ՀՀ-ում տեղի ունեցած ձերբակալությունների հետ։ Նա ասել է․ «Ես վստահ եմ, որ թե՛ այժմ, թե՛ սրանից առաջ Հայաստանում տեղի ունեցած ձերբակալությունները կամ իրավական գործընթացները տեղի են ունեցել օրենքի շրջանակներում»։ Ստացվում է այնպես, որ Հարությունյանի կողմից ընդունելի են այն բացահայտ քաղաքական հետապնդումներն ու ռեպրեսիաները, որոնք տեղի են ունենում վերջին մեկուկես տարվա ընթացքում տարբեր պաշտոնյաների ու զինվորականների նկատմամբ, որոնց նկատմամբ, ի դեպ, նա մինչ հեղափոխությունը ոչ միայն բոլորովին այլ հայտարարություններ է արել ու բարձր գնահատականներ տվել, այլև համագործակցել է։ Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը սեփական աթոռի ու ապագա քաղաքական ամբիցիաների համար պատրաստ է ուրանալ ամեն ինչ, նաև՝ կորցնել հիշողությունը։ Նրա հնչեցրած հայտարարություններից պարզ է դառնում, որ քաղաքականության մեջ 20 տարուց ավելի եղած մարդը շատ արագ կարող է վերածվել քաղաքական խամաճիկի։ Տեղի ունեցածից մնում է հետևություն անել, որ  նախկինում Հարությունյանի կողմից արված հայտարարություններն ու հնչեցված գաղափարները ևս «քաղաքական փուչիկ» են եղել և իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացրել։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս