Արդյունաբերության պատկերը. Հպարտանալու կամ տխրելու փաստեր ինքներդ գտեք
Հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-սեպտեմբերին» հաշվետվությունը: Մեր վիճակագիրներն արդեն հաղթահարել են «հետհեղափոխական» ամոթխածությունը: Տնտեսությունն իր բոլոր ոլորտներով արդեն աճ է գրանցում: Բացառությամբ՝ մեկ-երկու մասնավոր ոլորտի: Այդ մասնավոր ասվածը գյուղատնտեսությունն է ու էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մյուսներում համարյա հովվերգական վիճակ է: Օրինակ, արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակի հետ համեմատած՝ աճել է 9.7 տոկոսով: Ասեք, որ հարգանքի արժանի և համարյա երկնիշ թիվ է:
Խոսքն անհասկանալի ծառայությունների ոլորտի մասին չէ, այլ տնտեսության ամենաիրական հատվածի՝ արդյունաբերության: Բայց իշխանությունները չեն շտապում հպարտանալ այս ցուցանիշով ու մատնանշելով՝ դարձնել հանրային հպարտության առարկա: Մեր արդյունաբերության ոլորտը, եթե կարելի է այդպես արտահայտվել, բաղկացած է չորս բաժին-բաղադրիչներից: Դրանցից ամենափոքրն անվանված է «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում», և չնայած իր երկար անունին՝ կազմում է մեր արդյունաբերական արտադրանքի 1.3 տոկոսը:
Այս ոլորտը՝ նախորդ տարվա համեմատ, մի փոքր կրճատվել է (1.9 տոկոս), բայց իր համեստ ծավալների պատճառով էական ազդեցություն չի թողել ընդհանուր աճի 9.7 տոկոսանոց ցուցանիշի վրա: Ծավալով երկրորդ փոքր հատվածը (որ ապահովում է արդյունաբերական արտադրանքի 13 տոկոսը) նույնպես երկար անուն ունի` «Էլեկտրաէներգիայի, գազի գոլոշու և լավորակ օդի մատակարարում»:
Այս երկարանուն ենթաբաժինն էլ համեստ աճ է գրանցել` 0.8 տոկոս: Որովհետև ենթաբաժնի ամենակարևոր հատվածը` էլեկտրաէներգիայի արտադրությունը, նվազել է 1.6 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իհարկե: Արդյունաբերության ոլորտի ամենամեծ բաղադրիչը կրում է «մշակող արդյունաբերություն» համեստ անունը: Մինչդեռ այն իսկապես լայնածավալ է, ասենք, սննդարտադրությունից՝ մինչև զուգագուլպաների ու հիմնային քիմիական նյութերի արտադրություն: Արդյունաբերական արտադրանքի 67.7 տոկոսը բաժին է ընկնում հենց մշակող արդյունաբերությանը:
Այս հատվածը նկարագրող մասում կարող եք գտնել տվյալներ հայրենի ծխախոտագործության 13.4 տոկոսանոց աճի մասին: Սա իսկապես արժանահավատ տվյալ է, եթե հիշենք, որ ծխախոտի արտադրության մեր հսկաները 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են: Բայց այս ոլորտում միայն աճ արձանագրող պատկեր չէ, ինչպես, օրինակ՝ ցեմենտ-բետոնից հավաքովի կոնստրուկցիաների պարագային:
Այս ապրանքատեսակի գծով աճը 3.9 տոկոս է: Բայց՝ «Ինչո՞ւ է այն ավելի ցածր շինարարության աճի ընդհանուր 4.4 տոկոս ցուցանիշից» հարցի պատասխանը հաշվետվության այս հատվածում չեք գտնի: Որովհետև այս հատվածում այլ (ու հակառակը պնդող) փաստեր կան:
Օրինակ, այն, որ ապրանքային բետոնի արտադրությունը կրճատվել է 13.1 տոկոսով: Շինարարությունն ընդհանրապես աճել է, բայց բետոնի արտադրությունը` կրճատվել: Հուսով եմ՝ բոլորն են վստահ, որ բետոնն արտահանվող (կամ ներմուծվող) ապրանքատեսակ չէ:
Հետևաբար՝ հարկավոր է բացատրություն գտնել այն հարցի համար, թե վերջապես ինչի՞ հաշվին է աճել արդյունաբերական արտադրանքի ծավալը, եթե ոլորտի երեք ենթաբաժիններն աճի ծավալով ավելի ցածր են, քան բուն ոլորտինը: Հարցի միակ տրամաբանական պատասխանն այն է, որ աճը գրանցվել է ոլորտի չորրորդ (կանաչների ականջին չհասնի) ենթաբաժնում, որն է՝ «Հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը»:
Այս ոլորտի 18 տոկոսանոց աճն ապահովում է արդյունաբերության աճի 9.7 տոկոսանոց միջին ցուցանիշը: Ընդ որում՝ մետաղական հանքաքարի արդյունահանումն աճել է 20.2 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերությունն ու բացահանքերի շահագործումը՝ 17.7 տոկոսով:
Մեր իշխանությունները մշակող արդյունաբերության աճի տվյալները հպարտությամբ հրապարակելով՝ թաքցնում են այս փաստը, որ արդյունաբերության ոլորտի աճն առաջին հերթին՝ ապահովում է հանքարդյունաբերությունը: Հանքարդյունաբերության ծավալն արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում կազմում է 67.7 տոկոս:
Մետաղական խտանյութի արտադրության ոլորտում միայն ցինկի խտանյութի մասնաբաժինն է 5.1 տոկոսով պակասել նախորդ տարվա համեմատ: Փոխարենը՝ պղնձի խտանյութ արտադրվել է 13.8 տոկոս ավելի, իսկ մոլիբդենի խտանյութ՝ 31.8 տոկոս ավելի: Վերջին տվյալը բացատրում է, թե ինչու է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ամենախոշոր հարկատուն:
Ահա այսպիսին է արդյունաբերության պատկերը: Հպարտանալու կամ տխրելու փաստեր ինքներդ գտեք: Դրանք զգացումներ են, որ քիչ են ազդում տնտեսության իրական զարգացման գործընթացների վրա: