Բաժիններ՝

Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ նոյեմբերի 1-8

Նոյեմբերի 1-8-ը հայտարարված է մեդիագրագիտության շաբաթ․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն արդեն երկրորդ տարին այն անցկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ:

Մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լուսինե Առաքելյանը նշեց, որ մեդիա կրթությունը ժամանակի հրամայական է. «Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք լսում, կարդում ու վերլուծում, այսինքն` ինչպիսի տեղեկատվություն ենք ստանում ու տարածում: Դա կարող է լինել ցանկացած բնույթի ինֆորմացիա` սկսած տեղեկատվական հոդվածից, մինչև սոցցանցից ստացած ինչ-որ չճշտված լուր»,- ասել է փոխնախարարը:

ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում գրագետ մեդիա սպառող ու մեդիա ստեղծող լինելը անհրաժեշտություն է, և դպրոցը լավագույն հարթակն է այս հմտությունները տարածելու, քննադատական մտածողությամբ քաղաքացիներ կրթելու համար։

ՄՆԿ Մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց շաբաթվա անելիքները։ Բացի այն, որ դպրոցներում այդ օրերին կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով դասեր, դիտումներ ու քննարկումներ, ՄՆԿ-ն ուսուցիչների համար սեմինար և նոր ձեռնարկների շնորհանդես կանցկացնի նոյեմբերի 1-ին՝ 16:00, Լոֆթ սրճարանում, և խաղ-դասընթացի կհրավիրի պատանիներին՝ Ավ․ Իսահակյանի անվան գրադարանում նոյեմբերի 4-ին` 15:00:

Շաբաթվա ընթացքում դպրոցներում, գրադարաններում, կրթական կենտրոններում և օնլայն հարթակներում ակտիվորեն քննարկվելու են մեդիայից գրագետ օգտվելու սկզբունքները։ Դպրոցներում այդ օրերին կանցկացվեն մեդիագրագիտության թեմաներով դասեր, դիտումներ ու քննարկումներ: Նախատեսվում են նաև հետևյալ միջոցառումները․

  • Նոյեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Լոֆթ կենտրոնում ուսուցիչների համար ՄՆԿ նոր ձեռնարկների շնորհանդես, սեմինար։
  • Նոյեմբերի 4-ին, ժամը 15:00-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում խաղ-դասընթաց` պատանիների համար։
  • ՄՆԿ աջակցությամբ մարզերում գործող մեդիագրագիտության դպրոցական խմբակների աշակերտները այս շաբաթվա ընթացքում կայցելեն Հանրային ռադիո և հեռուստաընկերություն՝ ներսից տեսնելու մեդիայի աշխատանքը։
  • Երևանի մարդաշատ վայրերում քաղաքացիները կարող են լուսանկարվել ինտերակտիվ գրաֆիտիների հետ՝ «Դու այն ես, ինչ տարածում ես/դիտում ես/կարդում ես/ինչին հետևում ես» կարգախոսներով։
  • Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #MILWEEKARM19, #եսմեդիագրագետեմ հեշթեգերի ուղեկցությամբ։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

ՄՆԿ-ն առաջարկում է հետաքրքրված կառույցներին, լրատվամիջոցներին միանալ նախաձեռնությանը՝ օգնելով բարձրաձայնել մեդիագրագիտության կարևորության մասին, բացատրելով ազատ խոսքի, լրատվության, լրագրողի աշխատանքի նշանակությունն ու դերը հասարակությունում, քննարկելով մեդիայի ու կրթության հարաբերությունները։

ՄՆԿ-ն մեդիագրագիտության զանազան ծրագրեր է իրականացրել իր գործունեության ավելի քան 20 տարիների ընթացքում, իսկ 2013 թվականից ակտիվորեն զբաղվում է մեդիագրագիտության տարածմամբ Հայաստանում՝ համագործակցելով ԿԳՄՍՆ հետ, դպրոցների և բուհերի, գրադարանների և ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, ստեղծելով և տարածելով կրթական ռեսուրսներ՝ դպրոցական ձեռնարկ, խաղեր, վերլուծություններ ու տեսանյութեր, որոնք հասանելի են media.am կայքում:
Վերջին 7 տարիների ընթացքում ՄՆԿ-ն վերապատրաստել է ավելի քան 400 դասավանդողների, փոքր դրամաշնորհ է տրամադրել 14 դպրոցների՝ մեդիագրագիտության խմբակներ հիմնելու համար։ Մեդիագրագիտություն դասավանդվում է որոշ բուհերում, համայնքային կազմակերպություններում, դպրոցներում ԿԳՄՍՆ-ի երաշխավորած «Մեդիագրագիտություն» ձեռնարկի հիման վրա։ ՄՆԿ-ն և ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել 2017 թվականին։ 2018թ.-ին նախարարության և ՄՆԿ համատեղ ջանքերով անցկացվել են մեդիագրագիտության դասեր, միջոցառումներ, կազմակերպվել խաղեր ու դիտումներ: 2019 թվականի հուլիսին Աղվերանում կազմակերպվել է մեդիագրագիտության ամառային դպրոց ուսուցիչների համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իր մեդիագրագիտության ծրագիրն իրականացնում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ։ Ծրագրի տարբեր բաղադրիչներ իրականացվել են նաև Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, n-оst Netzwerk für Osteuropa-Berichterstattung գերմանական կազմակերպության, Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի, Համաշխարհային բանկի և այլ գործընկերների աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս