Ավստրիայում ուժի մեջ մտավ բարերում և ռեստորաններում ծխելու լիակատար արգելքը
Նոյեմբերի 1-ին՝ Բոլոր սրբերի օրը, Ավստրիայում ուժի մեջ է մտել բարերում եւ ռեստորաններում ծխելու լիակատար արգելքը։ Հանրապետության խորհրդարանը համապատասխան արգելքին հավանություն էր տվել այս տարվա հուլիսին: Դեմ էր հանդես եկել միայն Ավստրիայի ազատության կուսակցությունը, որն ավելի վաղ, լինելով երկրի կառավարությունում, կարողացել էր խոչընդոտել գոստրոնոմիական հաստատություններում ծխելն արգելելու փորձին:
Ինչպես ճշտել են Ավստրիայի աշխատանքի, սոցիալական գործերի եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունում, ծխելու արգելքը տարածվում է բոլոր այն հաստատությունների վրա, որտեղ պատրաստում, մշակում, բաժանում եւ ընդունում են ճաշատեսակներ ու ընպելիքներ, այդ թվում՝ որտեղ հյուրերը կարող են կանգնած օգտվել:
Արգելքը տարածվում է նաեւ էլեկտրոնային սիգարետների վրա, ինչպես նաեւ ծխելու բուսամթերքների (օրինակ՝ նարգիլեի) վրա՝ անկախ դրանց մեջ նիկոտինի կամ ծխախոտի պարունակությունից:Ծխելն առաջվա պես թույլատրվում է բաց հարթակներում, այդ թվում՝ հաստատություններին կից փոքրիկ բակերում եւ բաց պատշգամբներում:
Ընդհուպ մինչեւ այսօր 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող ավստրիական բարերում եւ ռեստորաններում կարելի էր ծխել դրա համար հատուկ հատկացված գոտիներում, թեեւ այդ կանոնը միշտ չէ, որ խստորեն պահպանվում էր: 50 քառակուսի մետրից պակաս մակերես ունեցող հաստատությունների դեպքում հատուկ գոտի չէր պահանջվում, եթե տերը չէր առարկում իր տարածքում ծխելու դեմ: Ավստրիայի բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ արդեն ավելի վաղ իրենք են սկսել իրենց մոտ արգելել ծխելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: