«Առաջարկված նախագիծը գիտական հաստատությունները կացնահարելու, ոչ թե առողջացնելու օրինակ է». ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը մի շարք փոփոխություններ է նախատեսում գիտության և կրթության ոլորտներում: Նախատեսվող փոփոխություններից է ԳԱԱ-ի ինստիտուտները բուհերին միացնելու առաջարկը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի կարծիքով՝ ներկայացված աշխատանքային տարբերակը մեկ անգամ ևս լրամշակման կարիք ունի:
«Այս տարբերակը, որ դրված է քննարկման՝ մեզ համար այնքան էլ ընդունելի չէ: Այնտեղ խնդիրներ ենք տեսնում և բազմաթիվ մտահոգություններ ունենք: Օրենքը գրելուց առաջ պետք է ունենանք տեսլական և ռազմավարություն, որպեսզի հասկանանք՝ ո՞ւր ենք գնում, ինչի՞ համար ենք ինչ-որ բաներ անում: Օրենքը պետք է ածանցված լինի ռազմավարությունից և տեսլականից, ոչ թե՝ հակառակը: Նաև օրենք գրելը մասնակցային լինի, այսինքն՝ այն մարդկանց մասին, որ օրենք է գրվում, ներկայացուցիչները պետք է մասնակցեն դրան: Մնացած կետերն արդեն քննարկման առարկա են: Եթե կորոշեն, որ գիտությունը սպասարկում է բարձրագույն կրթությանը, ուրեմն այդ տեսլականով կգրենք օրենքը, եթե տեսնում ենք, որ գիտությունը նաև առնչվում է տնտեսության, երկրի պաշտպանության, արտաքին, ներքին քաղաքականության և բազմաթիվ այլ հարցերի հետ, ուրեմն օրենքը մի քիչ այլ կերպ կգրենք: Մենք պետք է որոշենք՝ գիտությանն ինչ սոցիալական դեր ու նշանակություն ենք տալիս, ինչպե՞ս ենք պատկերացնում նրա տեղը հասարակության մեջ, որից հետո օրենքը կգրենք: Այս օրենքում գիտությունը բուհական կրթությանը սպասարկողի դերում է, ինչը, կարծում եմ՝ գիտությունն արժևորելու միակ և ճիշտ ձևը չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պավել Ավետիսյանը:
Հարցին՝ շատերի մոտ այն կարծիքն է, որ այս քայլերը կտանեն ԳԱԱ փակմանը՝ պատասխանեց.
«Եթե մենք կորոշենք, որ Ակադեմիան փակելով՝ այս երկիրը շատ ուժեղ առաջընթաց կունենա, սիրով ես էլ կմասնակցեմ այդ փակմանը: Մի հատ նստենք, որոշենք՝ դա օգո՞ւտ է բերում, թե՞ վնաս: Երբ որ հասկանանք՝ օգուտ է բերում, թե վնաս, կորոշենք՝ փակել, բացել, երկու ակադեմիա ունենալ, կիսել և այլն: Մենք պետք է նախ որոշենք, թե ի՞նչ ենք ուզում, հետո նոր որոշենք՝ փակե՞լ, բացե՞լ, թե՞ միացնել. Նախ՝ ռազմավարություն, հետո՝ նոր օրենք»:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ նախագիծը, որը ներկայացվել էր, անընդունելի է, միասնական կոնցեպցիա չկա:
«Ակադեմիայի ինստիտուտները համալսարանական ամբիոնների մեջ ներառելը միանգամայն անընդունելի է ոչ թե նրա համար, որ Ակադեմիայի աշխատողներ ենք, այլ՝ նրա, որ այդպես մտածողները չեն պատկերացնում Հայաստանում գիտական առանձնահատկությունների բնույթը, մեր գիտական կյանքը: Եվ, եթե որպես համակարգ՝ դա որևէ տեղ արդյունավետ աշխատում է, մեր երկրում չի կարող, կտանի գիտության կործանմանը, քայքայմանը, որովհետև այսօր համալսարաններ՝ իրենց ֆակուլտետներով, ամբիոններով, արդեն իսկ խնդիրների առջև են կանգնած: Եվ հետո, ինստիտուտ տանելն ի՞նչ է նշանակում տեխնիկական առումով.մարդի՞կ են գնալու այնտեղ, թե՞ մնալու են տեղում ու ենթարկվելու են այդ ամբիոններին: Այդ բոլորը հստակ չէ, որովհետև ամեն ինստիտուտ իր աշխատանքային կառուցվածքն ունի:
Առաջարկվածը գիտական հաստատությունները կացնահարելու, ոչ թե առողջացնելու օրինակ է: Այսօր գիտությունների նեղ մասնագիտացման պայմաններում ինստիտուտների միացումը պարզապես գիտության տրամաբանությանը չենթարկվող բան է, առավել ևս, որ Ակադեմիայի ներքին օպտիմալացում վերջին 10 տարում տեղի է ունեցել: Եթե նյութական բավարար միջոցներ լինեն, անգամ առանձին ինստիտուտներ, գոնե մեր հայագիտության բաժանմունքի, պետք է կիսվեին և մեկ ինստիտուտից երկու հիմնարկ լիներ՝ երկու տարբեր ուղղություններով:
Այնպես որ, այսօր ինստիտուտների միացումը լավագույն դեպքում, մի հաշվապահ ու մի պահակ կրճատելուց բացի, ուրիշ որևէ բանի չի կարող ծառայել, և չեմ կարծում, որ հանուն այդ նպատակի՝ արժե գիտության տարբեր ուղղություններն իրար խառնել և ինստիտուտների նեղ մասնագիտացումը կորցնել»,- ասաց նա:
Անի Կարապետյան