Եկամուտների 5 տոկոս ավելացումը նույնիսկ չի բավարարելու գնաճի հետևանքները ծածկելուն
Թերևս ակնհայտ է, որ իշխանափոխությունը չարդարացրեց հասարակության այն սպասումները, որոնք խոստացել էին իրականացնել գործող իշխանությունները։ Խոսքը հատկապես սոցիալական ոլորտի սպասումների մասին է։ Մարդիկ մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով` կարճ ժամանակ անց լուծվելու են իրենց խնդիրները, կտրուկ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, բացվելու են բազմաթիվ նոր և իրական աշխատատեղեր` պայմաններ ստեղծելով սեփական աշխատանքով հոգալու իրենց ընտանիքի ապրուստը։
Սակայն երկար ժամանակ պետք չէր հասկանալու համար, որ կարճաժամկետում այդ սպասումները չեն իրականանա։ Ցավոք, երկարաժամկետում ևս դրանց լուծումները չեն երևում։ Իշխանափոխության երրորդ տարին մտնելու ենք հասարակության եկամուտների այնպիսի փոփոխություններով, որոնք դարձյալ թույլ չեն տալու խոսել սոցիալական վիճակի քիչ թե շատ բարելավման մասին։ Ու ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի հարյուր-հազարավոր մարդկանց աշխատավարձերի բարձրացման մասին, դրանք ոչ այլ ինչ են, քան կաթիլ մեկ բաժակ ջրում։
«Սոցիալական մասով կարևոր է արձանագրել, որ մոտավոր հաշվարկով շուրջ 200.000 քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացումը նոմինալ չի լինելու, բայց քանի որ մենք Հարկային օրենսգրքում եկամտահարկի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, ըստ էության, մոտավորապես 200.000 քաղաքացիների աշխատավարձը, փաստացի տնօրինվող գումարի ծավալը կավելանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների բերումով»,- հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների շրջանակներում ելույթ ունենալով Ազգային ժողովի հանձնաժողովներում՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Բայց քանի որ վարչապետը չցանկացավ ասել, թե դա ինչպիսի՞ հավելում է ենթադրում մարդկանց եկամուտներում, մի փոքր բացենք փակագծերը։
Ինչպես հայտնի է, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով քաղաքական իշխանությունը հրաժարվեց եկամտային հարկի տարբերակված կամ պրոգրեսիվ դրույքաչափերից։ Նախկին 28 և 36 տոկոսի փոխարեն, որը տարածվում էր համեմատաբար բարձր աշխատավարձ ստացողների վրա, սահմանվեց համահարթ` 23 տոկոս դրույքաչափ։ Դա ենթադրում է, որ այս խմբերում ընդգրկված քաղաքացիների աշխատավարձերի չափերը կմնան նույնը, բայց վճարվող հարկերի նվազման արդյունքում` իսկապես կավելանան եկամուտները։ Այլ հարց է, թե ինչքա՞ն։
Խոսքը մի դեպքում՝ 5, մյուս դեպքում`13 տոկոս աճի մասին է։ Բայց եթե հաշվի առնենք, որ 36 տոկոս եկամտային հարկ վճարողների քանակը Հայաստանում շատ փոքր է՝ ընդամենը շուրջ 2000, ապա ստացվում է, որ վարչապետի հայտարարած 200.000 քաղաքացուց գրեթե 198.000-ի մոտ եկամուտների ավելացումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում լինելու է ընդամենը 5 տոկոսի չափով։
Թերևս, սա էլ հիմք ընդունելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ շուրջ 200.000 մարդու եկամուտներն ավելանալու են։ Այո, ավելանալու են։ Բայց արդյո՞ք դա այն աճն է, որի համար պետք է հպարտանալ։
Եկամուտների 5 տոկոս ավելացումը նույնիսկ չի բավարարելու գնաճի հետևանքները ծածկելուն։ Հատկապես որ, հաջորդ տարվա սկզբից սպասվում է թանկացումների հերթական ալիքը` թելադրված՝ ինչպես Հարկային օրենսգրքի, այնպես էլ՝ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերի փոփոխություններով։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մի շարք ապրանքատեսակների համար դարձյալ ավելանալու է ակցիզային հարկի դրույքաչափը, ինչը ենթադրում է նաև դրանց գների բարձրացում։ Իսկ ակցիզային հարկն այն հարկատեսակն է, որն ուղղակիորեն վճարում է սպառողը։ Պարզ ասած, քաղաքացին։
Մյուս կողմից` մեծ փոփոխություններ են սպասվում նաև Եվրասիական տնտեսական տարածքից։ Ավարտվում է Հայաստանին տրված արտոնյալ մաքսային ռեժիմի ժամկետը, և գործողության մեջ են մտնելու ավելի բարձր մաքսային տուրքերը, որոնք կիրառվելու են երրորդ երկրներից ապրանքների ներմուծումների ժամանակ։ Խոսքը ոչ միայն տրանսպորտային միջոցների, այլև բազմաթիվ այլ ապրանքների, այդ թվում` սննդամթերքի մասին է։ Նոր կարգավորումները վերաբերելու են շուրջ 500 ապրանքատեսակների։
Ու դեռ չհաշված` ներքին շուկայից թելադրված գնաճը, որն անհամեմատ ավելի բարձր է լինում առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։
Այս ամենը հաշվի առնելու պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ է նշանակում մարդկանց եկամուտների 5 տոկոս ավելացումը։ Բայց դա դեռ ամենը չէ։
Հաջորդ տարվանից սկսած կառավարությունը պատրաստվում է աստիճանաբար հրաժարվել կենսաթոշակային ֆոնդերի վճարումների մասով իշխանափոխությունից անմիջապես հետո ստանձնած պարտավորությունից։ Արդեն 2020թ. գործող հարաբերակցությունը 1 տոկոսով կկրճատվի` ի վնաս աշխատողների։
Եվ ի՞նչ է մնում վարչապետի ասած «աշխատավարձի բարձրացումից»։ 200.000 քաղաքացիներից 198.000-ի եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ավելանալու է հազիվ 4 տոկոսով։
Ահա սա է այն ազդեցությունը, որը եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը թողնում է մարդկանց եկամուտների վրա։
Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ կառավարությունը չի բավարարվել նախարարների ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներն այդքանով ավելացնելով, այլ կրկնապատկել է։ Ու այդ ֆոնին որոշել է կենսաթոշակներն ավելացնել 10 տոկոսով, ուսուցիչների աշխատավարձերը` 10 տոկոսով, ուժային կառույցների աշխատավարձերը` 10 տոկոսով, անտառապահների և անտառապետների աշխատավարձերը` 20 հազար դրամով, ու այսպես շարունակ:
Թե աշխատավարձերի այս մի քանի հազար դրամ ավելացումներն ինչքանո՞վ կփոխեն մարդկանց կյանքի որակը և ապրելու պայմանները, հավանաբար դժվար չէ պատկերացնել։ Այն, ինչ նախատեսվում է, անգամ մեծագույն ցանկության դեպքում անհնար է լուրջ ձեռքբերում համարել։
Լավ կլիներ, որպեսզի աշխատավարձերի բարձրացումների ու քաղաքացիների եկամուտների ավելացումների մասին խոսելուց առաջ վարչապետը մի պահ հետ գնար ու այդ ամենը գնահատեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի աչքերով։ Հաստատ կառավարությանն ասելու շատ բան կունենար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ