«Բուքիքիոն անուղղակիորեն արձանագրել է Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փաստը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանի հետ 168.am-ը զրուցել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) հայտարարության և Հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի՝ Shantnews.am-ին տված հարցազրույցում արտահայտած մտքերի մասին:

– Արդյոք Shantnews.am-ին տված Բուքիքիոյի հարցազրույցն ու Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը բովանդակային տարբերություններ ունե՞ն:

– Եթե մենք ընթերցում ենք հայտարարության բովանդակային անգլերեն մասը, ապա այնտեղ կարմիր թելով անցնում է տագնապի ազդանշան, մասնավորապես՝ այն փաստը, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները գտնվում են Եվրոպայի մեր գործընկերների ակնդետ ուշադրության ներքո, նրանք հետևում են մեր երկրում կատարվող իրադարձություններին:

Դրա վառ օրինակն է, մասնավորապես, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Hard Talk»-ում, երբ լրագրողի հնչեցրած հարցերն անմիջականորեն ախտորոշում էին նոր իշխանությունների վարած քաղաքականության սխալականությունը և թերացումները:

Երկրորդ ազդանշանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի փաստացի տագնապն էր առ այն, որ Հայաստանում առկա է սահմանադրական կարգի տապալում: Մասնավորապես՝ նման արձանագրություն կա հայտարարության անգլերեն տեքստի մեջ, որով իշխանություններին կոչ է անում վերականգնել Սահմանադրության գործողությունը Հայաստանում: Դա խոսում է այն մասին, որ փաստացի Վենետիկի հանձնաժողովը Հայաստանում արձանագրում է սահմանադրական կարգի տապալում:

– Shantnews.am-ին տված հարցազրույցի մեջ Վենետիկի հանձնաժողովի նախագահի ձևակերպումներն ըստ էության ավելի կոշտ ու, թերևս, ավելի հասցեական են: Օրինակ, մասնավորապես, ի՞նչ քաղաքական և իրավական հետևանք կարող է ունենալ ՎՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ «կարճ ժամանակում Հայաստանում շատ հարվածների տակ է հայտնվել Սահմանադրական դատարանի նախագահը, և բազմաթիվ ընթացակարգեր են իրականացվում նրա դեմ»:

– Մենք դրա մասին բազմիցս ահազանգել ենք: Իհարկե, լավ կլիներ, որ իշխանություններն ականջալուր լինեին ներքին ձայնին, այսինքն՝ Հայաստանի ներսում հնչող տագնապի ազդանշաններին, որոնք իրենց զգուշացնում էին, որ կան կարմիր գծեր, որոնք չի կարելի հատել: Կա իշխանության գերակայություն, առաջնահերթություն, սակայն դրանք ոչ միշտ են գերակայում առավել կարևոր և կենսական նշանակություն ունեցող հարցերի վրա, ինչպիսիք են ինստիտուցիոնալ կայունությունը, իրավունքի գերակայության երաշխավորումը և Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը:

Դրա մասին խոսեցին գրեթե բոլոր իրավաբանները: Ես չգիտեմ իրեն հարգող որևէ իրավաբանի, որ այս գնահատականը չտար: Եթե նրանք որոշեցին սպասել այնքան, մինչև սրան կարձագանքի արդեն Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրոպայի խորհրդի իրավական և օրենսդրական փորձաքննության կենտրոնը, ապա կարծում եմ, որ սա արդեն պետք է սառը ցնցուղի էֆեկտ առաջացնի իրենց համար, և իշխանությունները պետք է սթափվեն՝ այսպես կոչված, հեղափոխական էյֆորիայից արագ դուրս գալու և պետական քաղաքականությունը պետական ինստիտուտների, այլ ոչ թե՝ հեղափոխական օրակարգի վրա հիմնելու համար:

– Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ իրեն չեն մտահոգում Բուքիքիոյի արտահայտությունները, քանի որ ողջունում է նրա հայտարարությունը և կարծում է, որ այդ հայտարարությունը բավականին ճիշտ ուղերձ ունի: «Մենք ընդունել ենք այդ հայտարարությունն ի գիտություն, ծանոթ ենք հայտարարության բովանդակությանը, հասկացել ենք հայտարարության մեջ նախանշված որոշակի ուղղություններ և, բնականաբար, որոշակի եզրահանգումներ կանենք»,- ասել է նախարարը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախարար Բադասյանի այս հայտարարությունը:

– Եթե ըստ նախարարի՝ այս հայտարարությունը ճիշտ ուղերձ ունի, ապա իրենք պետք է հետևեն այդ ուղերձին: Դա նշանակում է, որ իրենք այսուհետ պետք է դադարեցնեն բոլոր ճնշումները ՍԴ անդամների վրա, դադարեցնեն բոլոր ուղղակի և անուղղակի ճնշման գործիքների կիրառումը ՍԴ նախագահի վրա՝ իրենց համար ցանկալի քաղաքական ելքը երաշխավորելու համար: Ես հուսով եմ ու լավատես, որ վերջապես իշխանությունները կհասկանան, որ արդեն իսկ հատվում են կարմիր գծեր, որոնք ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս չեն ընդունվելու: Չէ՞ որ, վերջիվերջո, իրավունքի գերակայությունն ու օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ոչ ոք չի չեղարկել: Դա կա աշխարհում, և աշխարհում այլ ստանդարտներ չեն ընդունվում:

– Նույն արդարադատության նախարարը Ստամբուլյան կոնվենցիայի՝ սահմանադրականությանը համապատասխանելու խնդրի վերաբերյալ խորհրդատվական կարծիքի համար դիմել էր Վենետիկի հանձնաժողովին:

– Այս իշխանությունը ոչ մի սկզբունք չունի: Չկան ելակետային տվյալներ, սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվի իշխանությունը պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու ընթացքում: Եթե իրենց համար Վենետիկի հանձնաժողովի մի հայտարարությունն ուղենշային է, իսկ մյուսն առհասարակ պիտի նշանակություն չունենա, ապա մենք գործ ունենք իրավական մանիպուլյացիայի հետ, ինչը ըստ էության իշխանության ձեռագիրն է:

– Ջ. Բուքիքիոն հստակ տարանջատում է՝ ասելով, որ իրենք միասնական կարծիքում էլ են նշել, որ ՍԴ դատավոր, անդամ հասկացությունների միջև տարբերություն չկա: Այս պարագայում իշխանություններն անելիք չունե՞ն՝ կապված Վահե Գրիգորյանի ու նրա սկսած պրոցեսի հետ:

– Մենք նորից հանգում ենք այն նույն մտքին: Այսինքն՝ մոտավորապես տարի և ավելի ժամանակ, բոլորս, բոլոր իրավական հիմնավորումներով, սահմանադրական դրույթների վրա հղում անելով, իրավական վերլուծությամբ և իրավական ակադեմիական փորձագիտական կարծիքները նկատի ունենալով՝ ասում ենք, որ չկա տարբերություն, իրենք դա չեն հասկանում, և իրենց համար «իրավական գիգանտ» հռչակված Վահե Գրիգորյանի՝ ուղենիշային դարձած այդ պնդումը դառնում է իրենց քաղաքականության ուղենիշ, բնականաբար, սա պետք է լինի արդյունքը: Սա նշանակում է, որ Հայաստանում ով ինչ ասում է, որևէ արժեք չունի, և պետք է դրա մասին խոսի Բուքիքիոն, որ բոլորը հասկանան՝ մենք ճի՞շտ էինք ասում: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը մերժում է լսել որևէ այլ կարծիք, մերժում է գործակցել ընդդիմադիր ուժերի հետ և նրանց կարծիքը հաշվի առնել, մինչև որ չի ստանում ապտակ Եվրոպայի խորհրդի փորձագիտական կենտրոնից:

– Այժմ էլ մեկ այլ արտահայտություն է շրջանառության մեջ դրվել Վահե Գրիգորյանի կողմից՝ «ՍԴ-ն դեմոկրատական լեգիտիմություն չունի»: Սա հատկապես հաճախ սկսեց կիրառվել, երբ Վահե Գրիգորյանին մեղադրեցին աշխատանքի չգնալու և աշխատավարձ ստանալու ու ՍԴ դատավորի համար նախատեսված այլ սոցիալական երաշխիքներից օգտվելու համար:

– Դա կրկին իրավական պարզունակ մանիպուլյացիա է: Եթե չունի, ապա անմիջապես հրաժարվիր քո պաշտոնից: Հրաժարականի դիմում ներկայացրու և ասա՝ ես չեմ պատրաստվում աշխատել ոչ դեմոկրատական ՍԴ-ում: Եթե ոչ՝ ուրեմն, բարի եղիր, ներկայացիր նիստերին, ներկայացրու քո կարծիքը, ընդունիր քեզ մակագրված գործերը: Ես կարծում եմ, որ այս առումով գնահատականներ պետք է տան և նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես նրա թեկնածությունն առաջադրած սուբյեկտ, և «Իմ քայլը» դաշինքը՝ որպես նրան ընտրած քաղաքական ուժ: Սա բավականին լուրջ հարց է:

– Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունն ի՞նչ իրավական ու քաղաքական հետևանք կունենա: Իշխանությունները հետ կկանգնե՞ն ամեն գնով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու մտքից:

– Եթե մենք ունենայինք կանխատեսելի, վստահելի, կայուն իշխանություն, ապա միանշանակ կասեի, որ, իհարկե, երկու կարծիք լինել չի կարող: Բայց հաշվի առնելով իշխանության անկանխատեսելիությունը և հնարավոր բոլոր այն խնդիրները, որը նա ստեղծում է իր կառավարման ընթացքում՝ դժվարանում եմ ասել, թե ինչպիսի հետևանք կունենա հայտարարության այս տեքստը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս