Բաժիններ՝

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն ԱՄՆ-ում

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի ԱԳՆ-ն խորին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆին և Գուս Բիլիրակիսին` բանաձևը հեղինակելու և ներկայացնելու համար, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբին՝ բանաձևին սատարելու և դրա ընդունմանն ուղղված հետևողական ջանքերի համար, ինչպես նաև՝ բանաձևը սատարած բոլոր կոնգրեսականներին։

«Շնորհավորում ենք և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կոնգրեսականների հետ համակարգված աշխատանքի համար և բոլոր նրանց, ում հետևողական ջանքերը հանգեցրեցին այս պատմական որոշման՝ ճնշող մեծամասնությամբ ընդունմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն բանաձևի ընդունումը համարել է կարևոր քայլ՝ միտված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի կողմից ձեռնարկվող փորձերի խափանմանը և մեծ ներդրում՝ նման հանցագործությունների կանխմանն ուղղված համընդհանուր պայքարում։

«Համոզված ենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևն ունի ոչ միայն բարոյական, այլ նաև կիրառական նշանակություն. այն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը»,- նշել են ԱՀ արտաքին գործերի նախարարությունում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս