«Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով՝ հետս խոսեն». Վազգեն Մանուկյանը՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի մասին
«Բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության՝ նա կարող էր մտնել բանտ, ինչ-որ խոսեր, հետո դուրս գար այդպիսի բաներ աներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով զարգացումների և ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման մասին հարցին:
Նշենք, որ Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պաշտոնանկ անել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Նա նշել էր, որ նման դիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել նաև օրերս 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած ահաբեկչության խմբի ղեկավար, ցման ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը:
«Նաիրի Հունանյանը քաղաքական ուժի և այլ գործիչների անուններ է տվել և մասնավորեցրել է այս դեպքում Վազգեն Մանուկյանին՝ մի քանի անգամ խոսելով նրա մասին: Ես, իհարկե, հեռու կմնամ և չեմ կարող որևէ կերպ հավատալ, որ Վազգեն Մանուկյանն ուղիղ դերակատարություն ունի «Հոկտեմբերի 27»-ի իրագործման մեջ, բայց, որ Վազգեն Մանուկյանը մեկն է այն գործիչներից, ովքեր սնել են Նաիրի Հունանյանին այդպիսի տրամադրություններ, որը հանգեցրել է այդպիսի ոճիրի, դա հաստատապես կարող եմ պնդել»,- նշել էր Ա. Բաբաջանյանը:
Վազգեն Մանուկյանը համոզված է, որ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը փորձում են օգտագործել քաղաքական խնդիրներ լուծելու համար. «Եթե իշխանությունը հարց ունի Հոկտեմբերի 27-ի հետ, կան համապատասխան մարմիններ, թող այդ մարմինները վերանայեն գործը, բոլորս միայն անհամբեր կսպասենք, թե ինչով դա կվերջանա: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն, աչքերիս նայելով՝ հետս խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական…»:
Անդրադառնալով իր և Նաիրի Հունանյանի հանդիպումների մասին խոսակցություններին՝ նա նշեց. «Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 88 թվի շարժման ժամանակ, որովհետև ես Ղարաբաղ կոմիտե էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում, այն ժամանակ մենք իրար հետ հանդիպել ենք, որից հետո՝ շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզեցել է ընդունվել ԱԺՄ կուսակցություն, մենք որոշել ենք, որ չարժի, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, որովհետև ԱԺՄ կուսակցությունը բոլորին չէր ընդունում: Ինչ-ինչ պատճառներով մենք իրեն չենք ընդունել ԱԺՄ կուսակցություն, և բացի դրանից էլ՝ ես ոչ մի առնչություն հետը չեմ ունեցել՝ ո՛չ ընկերական հարաբերություններ, ո՛չ հանդիպումներ, ոչ մի այդպիսի բան չի եղել, մեր տանն ինքը երբեք չի եղել, ոչ մի հարաբերություններ չեն եղել: Այդ ամեն ինչը հնարված է ու այդ ամեն ինչն իր հետևում թաքցնում է քաղաքական նպատակներ»:
Ամփոփելով խոսքը՝ Վ. Մանուկյանը վստահեցրեց. «Այստեղ Բաբաջանյանի հարցը չէ. սա քաղաքական պատվեր է. ես սրան վերաբերվում եմ՝ որպես քաղաքական հարցի, ոչ թե՝ իրավական»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան