Դատավոր Դավիթ Բալայանը որպես տուժող կարող է հրավիրվել դատարան
Հոկտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել էր 2019 թվականի մայիսի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքի քննությունը: Մայիսի 20-ին որոշ քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Բալայանն այդ օրը փորձել էր մուտք գործել իր աշխատավայր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայր, ու քանի որ շենքի մոտ հավաքված քաղաքացիները նրան թույլ չէին տվել դատարանի մտնել մուտքից, Բալայանը փորձել էր դատարան մտնել պատուհանից:
Հավաքված քաղաքացիները, սակայն, նրան թույլ չէին տվել, քաշքշել էին, ինչից հետո դատավորը վայր էր ընկել:
Նույն օրը փաստաբան Հրանտ Անանյանը դիմել էր Հատուկ Քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ու բազմակողմանի քննություն իրականացնել:
Հրանտ Անանյանը ՀՔԾ ներկայացրած իր հաղորդման մեջ նշել էր, որ համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես են մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ դատավոր, դատական իշխանության ներկայացուցիչ Դավիթ Բալայանին խոչընդոտում մուտք գործել դատարանի շենք և կատարել իր ծառայողական պարտականությունները, որի ժամանակ «ակնհայտ և հստակ բռնություն են գործադրում նրա նկատմամբ, ինչի արդյունքում նա նույնիսկ ընկնում է գետնին, իսկ այդ ընթացքում հավաքվածներից մեկը վիրավորական արտահայտություններ է հնչեցնում նրա հասցեին»:
ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը, ինչից հետո Անանյանը բողոքարկել էր դատախազին: Դատախազն անփոփոխ էր թողել ՀՔԾ քննիչի որոշումը, ինչից հետո Անանյանը սահմանված կարգով դիմել էր դատարան՝ քրեական վարույթի շրջանակներում կայացրած որոշումը վիճարկելու համար:
«Քննություն չի կատարվել: Սա բողոքարկելու խնդիրը մեկն է: Ես ուզում եմ ասել՝ ժողովո՛ւրդ, եկե՛ք քննություն սկսենք, քանի որ չի կարելի թողնել այս հարցը առանց քննության»,- 168.am-ին ասաց փաստաբանը:
«Իմ բարձրաձայնած հարցը ոչ թե հենց հիմա այդ օրը դատավոր Բալայանին հրած, քաշքշած մարդկանց նկատմամբ դատավճիռ կայացնելն է, այլ այն, որ առնվազն պետք է պատշաճ քննություն կատարվի»,- հավելեց Անանյանը:
Ըստ փաստաբանի՝ կան մի շարք հարցեր, որոնց պատասխանելը շատ կարևոր է՝ մայիսի 20-ի իրադարձություններին հստակ, վերջնական իրավական գնահատականներ տալու համար:
«Պետք է այդ անձանցից բացատրություն վերցնել: Պետք է Դավիթ Բալայանից բացատրություն վերցնել՝ արդյո՞ք ֆիզիկական ներգործության ժամանակ ֆիզիկական ցավ պատճառել են նրան, թե՞ չէ, մարմնական վնասվածք պատճառե՞լ են, թե՞ չէ: Տվյալ քաշքշող անձինք գիտակցե՞լ են, որ դատավորի են քաշքշում, թե՞ ոչ: Ի՞նչ հոգեբանական վերաբերմունք են դրսևորել իրենց գործողությունների վերաբերյալ: Սրանք հիմնական հարցերն են»,- նշեց Հրանտ Անանյանը:
Դատական առաջին նիստում փաստաբանը ներկայացրել է իր բողոքները, հստակեցրել է պահանջը: Հաջորդ դատական նիստին ելույթ կունենան դատախազն ու քննիչը: Դրանից հետո դատավոր կկայացնի որոշումը:
«Եթե դատավորը բողոքը բավարարեց, դատարանը կվերացնի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Հետևաբար՝ դատախազը պարտավորված է լինելու քրեական գործ հարուցել և կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն»,- 168.am-ին ասաց փաստաբանը՝ հավելելով, որ առանց քրեական գործի հարուցման պատշաճ քննություն իրականացնել հնարավոր չէ:
Չնայած դատավոր Դավիթ Բալայանը Հրայր Անանյանի վստահորդը չէ, այդուհանդերձ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հնարավոր է մինչև որոշում կայացվելը դատարան հրավիրվի նաև դատավոր Բալայանը:
«Որպես կանոն՝ հրավիրում են դատարան այն անձանց, ում իրավունքներն ու օրինական շահերը շոշափում են տվյալ դիտարկվող որոշմամբ: Դատական պրակտիկայում, որպես կանոն, դատարան են հրավիրում այն անձանց, ում նկատմամբ բարենպաստ որոշում է կայացվել, օրինակ, քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: Տվյալ դեպքում, քանի որ հանցագործություն կատարած անձանց ինքնությունն այս պահին բացահայտված չէ, նրանց հրավիրելու անհնարինություն կա: Եթե անդրադառնանք տեսական ընդհանուր ձևակերպմանը, Դավիթ Բալայանն այն անձն է, ում շահերին հակասում է կայացված որոշումը: Տեսականորեն կարող է հրավիրվել»,- ասաց Անանյանը:
Հրանտ Անանյանը Դավիթ Բալայանի դատարան ներկայանալու մասին միջնորդություն չի ներկայացրել՝ դատավորի ներկայությունը աննպատակահարմար դիտարկելու պատճառով:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ