«ՍԴ-ն չպե՛տք է լինի կրունկի տակ. եթե լինելու է, նշանակություն չունի՝ կրունկը Սերժ Սարգսյանի՞նն է,  Քոչարյանի՞նը, թե՞ Փաշինյանինը».  Նաիրա Զահրաբյան

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:

Երեկ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը` ձայների 405 կողմ,10 դեմ  հարաբերակցությամբ։ Թեև հայերիս համար սա պատմական իրադարձություն է, սակայն այն դեռ ճանաչում չէ. այս բանաձևը  ևս մեկ փուլ պետք է անցնի ու դրվի Թրամփի սեղանին, հետևաբար՝  կիսո՞ւմ եք արդյոք այն տեսակետը, որ մեզանում տիրող այս բուռն ոգևորությունը չափազանցված է։

– Այո՛, այս բանաձևի ընդունումը շատ կարևոր քայլ է, և եթե հաջորդ պալատն ընդունի, և ԱՄՆ նախագահ Թրամփն էլ վավերացնի Հայոց  ցեղասպանության  մասին բանաձևը, ապա այդ ժամանակ կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը վերջապես կդատապարտի Ցեղասպանությունը։ Մենք, սակայն, ունենք նախադեպ, որ, երբ նույն պալատը երեք անգամ ընդունեց նման բանաձև, այն հաջորդ փուլում կասեցվեց։ Ես միանում եմ նրանց, ովքեր ողջունում են, և շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին այս բանաձևի համար, բայց ցանկանում եմ, որ լինենք զուսպ լավատես և հենց այս պահից սկսենք աշխատել արդեն հաջորդ փուլի համար։

Դառնալով մեր ներքաղաքական կյանքին. երեկ ՀԿ-ներից մեկը  քննարկում էր կազմակերպել, որին ուղղակի թույլ չտվեց ներկա լինել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների, սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

– Ես՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձաժողովի նախագահ, այդ հարցին անդրադարձել եմ և դատապարտել եմ այդ աննախադեպ լկտիությունը։ Ինձ թվում էր, որ անցել են այն ժամանակները, երբ որոշ մարդիկ իրենց համար ջերմոցային մթնոլորտում հարցազրույցների ֆորմատ ունեին, որ իրենց քիմքին ոչ հաճո լրագրող ներս չսպրդեր և ոչ հաճո հարցեր չտար: Ես հույս ունեի, որ այդ էջը փակել ենք, սակայն այն, ինչ տեղի ունեցավ, դա աննախադեպ էր՝ իր լկտիությամբ, լրատվամիջոցների հետ շփվելու լեքսիկոնն էլ անընդունելի էր։

– Լրատվամիջոցներից  անցում կատարենք մյուս ամենաակտուալ հարցին՝ ինչո՞ւ լարվածությունը չի թուլանում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ։

– Ես այդ հարցում կմիանամ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի տարածած հայտարարությանը, որով նա իր մտահոգություններն է հայտնել ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, ավելին, կոչ է արել իշխանության ճյուղերին՝ չխառնվել իշխանության այլ ճյուղի գործունեության մեջ։ Ես ասում եմ՝ քաղաքական ցանկացած փորձ՝ լուծելու ՍԴ-ում ստեղծված իրավիճակը, շատ ավելի է խորացնելու առկա ճգնաժամը և շատ ավելի կոշտ գնահատականների է արժանանալու միջազգային կառույցների կողմից։ Էնպես չէ, որ Հրայր Թովմասյանը մեր երազանքների գործիչն էր, եթե այդպես լիներ, երբ առաջադրվեց ՍԴ անդամի պաշտոնում, նախորդ գումարման խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքը դեմ չէր քվեարկի նրա թեկնածությանը, սակայն այսօր մեզ չներկայացվեց մի իրավական փաստարկ, որ որպես ՍԴ նախագահ՝ գերազանցել կամ չի կատարել իր լիազորությունները։

Մենք չենք միջամտելու Սահմանադրական դատարանում ստեղծված թնջուկին, որովհետև գտնում ենք, որ ՍԴ-ն չպետք է լինի որևէ մեկի կրունկի տակ, եթե լինելու է իշխանության կրունկի տակ, ապա ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ այդ կրունկը կլինի Ռոբերտ Քոչարյանի՞նը, Սերժ Սարգսյանի՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանինը։

– Արա Բաբլոյանի շուրջ ևս իրավական զարգացումներ են՝ ԱԺ նախկին նախագահին առաջադրվել է այնպիսի մեղադրանք՝ իշխանության յուրացմանն օժանդակելը, որը ենթադրում է 15 տարվա ազատազրկում. ինչո՞ւ այսքան խիստ։

– Արա Բաբլոյանը Հայաստանի անկախությունից հետո միակ պաշտոնյան է, որին առաջադրվել է նման ծանր մեղադրանք՝ իշխանության զավթում, որը նախատեսում է 15 տարի պատժաչափ։ Նման մեղադրանքի դեպքում պետք է ներկայացնեին երկաթյա հիմնավորումներ։ Արա Բաբլոյանի հետ կապված կուզեմ անդրադառնալ նաև մեկ բարոյական խնդրի. կարծում եմ՝ բոլորիս համար պետք է լինի մի բարոյական կարմիր գիծ, որից այն կողմ անցնելը տգեղ է։ Ինձ համար շատ ծանր էր տեսնել, որ 10 տարեկան երեխային վիրահատող բժշկին կտրեցին վիրահատությունից և տարան հարցաքննության։ Այդ վիրահատությունը շատ աննախադեպ էր, իսկ ի՞նչ կլիներ, եթե Արա Բաբլոյանը հաջորդ օրը ներկայանար ՀՔԾ՝ ցուցմունք տալու։  Կարծում եմ ՝ էստեղ կան որոշակի արգելակներ, որոնց բացակայությունը վնասելու է այն մարդկանց, որոնք չունեն ներքին բարոյական արգելակներ, թեև պետք է ունենային։ Չգիտեն՝ է՞լ ինչ անեն,  գործող իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին սիրաշահելու համար։

– Իրավապահ համակա՞րգն է փորձում ամեն գնով դուր գալ Նիկոլ Փաշինյանին։

– Ոչ միայն իրավապահը. յուրաքանչյուր համակարգ մեր երկրում ամեն գնով փորձում է սիրաշահել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նախկինում բոլոր համակարգերը ամեն գնով  սիրաշահում էին Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Ինչքան էլ մենք խոսենք հեղափոխության մասին,  միևնույն է, քանի դեռ մենք համակարգային մտածողություն չենք փոխել, այդ հեղափոխությունը մնալու է թղթի վրա։

– Նոր Հայաստանում, փաստորեն, շարունակում է գործել հին Հայաստանի մտածելակե՞րպը։

– Ցավոք սրտի՝ այո։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս