Բաժիններ՝

ՔԿ ղեկավարը՝ Ամուլսարի մասին

Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին՝ ասաց. «Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել, կամ արդյոք պատշա՞ճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Կարծում եմ՝ «Էլարդի» փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա»։

Հարցին՝ բնապահպանության նախկին նախարարը որքանո՞վ է շահագրգռված եղել թույլտվություն տալու հանքի շահագործման համար, նա պատասխանեց, որ այդ հարցին էլ կանդրադառնան։

«Ուղղակի մի բան ասեմ՝ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի ՊՈԱԿ-ը, իրենք իրենց հերթին՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ն ուղարկում են շահագրգիռ մարմիններին: Նրանց ստացված եզրակացությունների հիման վրա է նա տալիս դրական կամ բացասական եզրակացություն: Նախարարն այդտեղ գործառույթ է ունեցել՝ միայն հաստատել կամ չհաստատել: Դա այս պահին ձեռք բերված ինֆորմացիա է, ձեր կողմից նշված հանգամանքին կանդրադառնանք քննության ժամանակ։

Փորձաքննություն նշանակելուց հետո մենք պահանջել ենք հնարավոր բոլոր այն փաստաթղթերը, որոնք, հնարավոր է՝ նշանակություն ունենան գործի համար: Դրանք մեզ տրամադրվել են Բնապահպանության նախարարության կողմից: Սակայն, երբ ՀՀ վարչապետը Բնապահպանության նախարարությանը հանձնարարեց էլ ավելի խորը ուսումնասիրել՝ արդյոք նոր ՇՄԱԳ պե՞տք է, թե՞ ոչ, ի հայտ եկան մի շարք փաստաթղթեր, որը փարձագետներին չէր տրամադրվել, որոնց առկայության մասին տեղյակ չենք եղել, և դա պայմանավորում է քննության նոր զարգացում»,- հավելեց ՔԿ ղեկավարը:

Հարցին, թե ո՞վ է թաքցրել այդ փաստաթղթերը, Հայկ Գրիգորյանը չպատասխանեց: Նա միայն նշեց, որ դա Իվանյանի հետ կապ չունի.

«Ըստ ծառայողական քննության արդյունքների՝ Իվանյանը ոչ մի բովանդակային և փաստական կապ, շահագրգռվածություն չի ունեցել»:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս