Արդար չէ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համարյա միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Չանդրադառնանք դրա աշխարհաքաղաքական դրդապատճառներին, նաև` քաղաքական, կամ գործնական նշանակությանը: Դա այլ հարց է: Այս ընթացքում Ֆեյսբուքում գերակտիվներից ոչ մեկի մտքով չանցավ շնորհակալություն հայտնել և երախտագիտության խոսքեր հնչեցնել բոլոր այն մարդկանց, կուսակցությունների և կազմակերպությունների հասցեին, ովքեր այս գործընթացը վաղուց էին սկսել (Հայաստանից դուրս և Հայաստանում) և անասելի ջանքեր էին գործադրել նույնիսկ Խորհրդային Հայաստանի տարիներին: Ոչ մի բառ և երախտիքի խոսքեր չհնչեցին նաև այն մարդկանց հասցեին, ովքեր այն դարձրեցին նորօրյա անկախ Հայաստանի պետական արտաքին քաղաքականության օրակարգային հարց, հետևողականորեն իրականացրեցին (1998-2008թթ.), շարունակեցին այն (2008-2018թթ.), ճանաչել տալով աշխարհի շատ և շատ երկրների բարձրագույն օրենսդիր մարմիններին: Այսօրվա հաջողությունը հարյուրամյա աշխատանքի արդյունք էր: Բացառություն են կազմում այս վերջին մեկուկես տարին (2018-2019թթ.) և նորօրյա անկախ Հայաստանի առաջին տարիները (1990-1998թթ.): Սրանք այն ժամանակահատվածներն են, երբ անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում նույնիսկ այդ հարցը չկա և չի եղել, երբ ազգային արժեքները համարվում են և համարվում էին «կեղծ կատեգորիա»: Դարձյալ մոռացա՞նք: Իրար հերթ չտալով՝ ԱՄՆ-ին, Հայ Դատին, Դաշնակցականներին շնորհակալություն են հայտնում: Ո՞վ է ասում, թե չպետք է հայտնեն, անպայման պետք է հայտնել, բայց մի քիչ էլ թող արդար լինեն ու հիշեն… Թե՞ ձեռնտու չէ, թրենդի մեջ չէ, վախենում են, կամ էլ` չգիտես, թե ինչ… Ամոթ է, թող տղամարդ լինեն, կամ` ավելի ճիշտ կլինի ասել` թող մարդ լինեն: Չնայած` ում և ինչ ենք ասում, ումի՞ց ինչ ենք պահանջում և սպասում:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Ասվածի մեջ որևէ սխալ կա՞. երկրի ղեկավարներ, ԱԳ նախարարներ, ԱԺ հանձնաժողովների նախագահներ, գործարար-բարերարներ, կուսակցություններ, կազմակերպություններ և բազմաթիվ առանձին անհատ մարդիկ՝  Հենրի Մորգենթաուն, Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, Կարեն Դեմիրճյանը, Ջոն Կիրակոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանն ու Էդուարդ Նալբանդյանը, Ռիչարդ և Րաֆֆի Հովհաննիսյանները, Ալեք Մանուկյանը և նրա դուստր Լուիզ Մանուկյան-Սիմոնը, Շառլ Ազնավուրը, Ժանսեմը, Ամենայն Հայոց կաթողիկոսները, հայ մեծ բարերարները՝ աշխարհով սփռված, մշակույթի գործիչները, գիտնականները, ռամկավարները, հնչակյանները, Արման Կիրակոսյանը, արտակարգ և լիազոր դեսպաններ Ռուբեն Շուգարյանը, Թաթուլ Մարգարյանը, Զոհրաբ Մնացականյանը, Կարինե Ղազինյանը, Ավետ Ադոնցը, Միքայել Մինասյանը, պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը,  Էդուարդ Շարմազանովը, Հարութ Սասունյանը, Սերժ Թանկյանը, տո թեկուզ՝ Քիմ Քարդաշյանը…

Ամոթ է և բավական է… Բոլորին պետք է գնահատել և շնորհակալ լինել տարիների սրտացավ աշխատանքի համար, և ոչ թե՝ այլոց արածները «սեփականացնել», այն դեպքում, երբ այսօր ահռելի այս աշխատանքն իրենց վերագրողներից շատերը ոչ միայն Ցեղասպանությունը չդարձրեցին արտաքին քաղաքական օրակարգային հարց, այլև միջազգային բարձր ամբիոններից իրենց ելույթներում բառ անգամ չհիշատակեցին։

Ինչպես ժողովուրդն է ասում` «Այ այսպես ենք անում, որ այսպես է լինում…»։

Տեսանյութեր

Լրահոս